Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրություն է հրավիրվել դատավորների ընտրության եւ նշանակման առումով թեկնածուների քաղաքական չեզոքությանը եւ անկախությանը

Հունվար 16,2026 13:00

«Մարդու իրավունքների միջազգային իրավական կենտրոն» հասարակական կազմակերպությունը զեկույցով դիմել է Դատավորների եւ իրավաբանների անկախության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգարեթ Սաթերթվեյթին՝ ներկայացնելով Հայաստանում դատավորների անկախության վրա ազդող հիմնական խնդիրները, դատավորների ընտրության եւ նշանակման գործընթացները կարգավորող սկզբունքները, չափանիշներն ու ձեւավորված պրակտիկ մոտեցումները։

Իրավաբան, փաստաբան Առնոլդ Վարդանյանը «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ  Կազմակերպության կողմից ներկայացված զեկույցը հիմնականում անդրադարձել է դատավորների նշանակման եւ հետագա անկախության ապահովման առումով ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով նախատեսված կարգավորումներին եւ դրանց կապակցությամբ ձեւավորված պրակտիկայում առկա խնդիրներին։

Ըստ նրա` նախեւառաջ, հատուկ զեկուցողի ուշադրությունն է հրավիրվել Հայաստանում Առաջին ատյանի դատարանի դատավորների նշանակման համար սահմանված էապես ցածր չափանիշներին։ Այս առումով ներկայացվել են նաեւ 2022 թվականից Հայաստանում ներդրված՝ առանց Արդարադատության ակադեմիայում ուսանելու՝ հատուկ կարգով որակավորման ստուգում անցնելու եւ դատավորների ցուցակում ընդգրկվելու հնարավորության խնդիրները։ Միաժամանակ, անդրադարձ է կատարվել ընտրության գործընթացի թափանցիկության ապահովման առումով առկա խնդիրներին, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացվող եզրակացությունների չհրապարակման եւ թեկնածուների ընտրության առումով թափանցիկության, կանխատեսելիության ապահովման հարցերին։

«Բացի այդ, ներկայացվել են 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական մարմնի՝ խորհրդարանի ներգրավման առումով առկա խնդիրները՝ բարձր դատարանների դատավորների ընտրության հարցում։ Այս առումով ներկայացվել է այն, որ ի տարբերություն մինչեւ 2015 թվականը գործող կարգավորումների, այժմ՝ քաղաքական մարմինը հնարավորություն է ստացել մասնակցելու ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներից բացի, նաեւ բարձրագույն դատական ատյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների, ինչպես նաեւ նոր Սահմանադրությամբ ձեւավորված՝ դատավորների անկախությունն ապահովող Բարձրագույն դատական խորհրդի անդամների կազմի ձեւավորմանը»,-ասաց Ա.Վարդանյանը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել երաշխիքների բացակայությանը, որոնք անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող են ապահովել դատական համակարգում դատավորների ընտրության եւ նշանակման առումով թեկնածուների քաղաքական չեզոքությունը եւ անկախությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի օրենսդրությամբ որեւէ արգելքի բացակայությանն այն առումով, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք կարող են անմիջապես նշանակվել դատավորներ ինչպես դատական համակարգում, ՀՀ Սահմանադրական դատարանում, այնպես էլ անդամներ՝ Բարձրագույն դատական խորհրդի կազմում։

Ընդհանուր առմամբ, զեկույցը նպատակ է հետապնդել ներկայացնել Դատավորների եւ իրավաբանների անկախության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին Հայաստանում դատավորների անկախության ապահովման առումով առկա խնդիրները, ներկայացնել Հայաստանում դատավորների նշանակման առումով առկա մոտեցումները՝ հատուկ զեկուցողի կողմից այս թեմայով կազմման ենթակա զեկույցում ներկայացված տեղեկատվությունը ներառելու համար։ Զեկույցը կուղարկվի նաեւ նշված հարցերով իրավասու այլ միջազգային մարմիններ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031