Լրահոս
Օրվա լրահոսը

«Կստեղծվի անհայտ կորած անձանց միասնական ռեեստր»․ Սրբուհի Գալյանը ներկայացրեց կառավարության նոր նախագիծը

Հունվար 16,2026 11:41

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց նախագծով սահմանված կարգավորումները։

«Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները ներկայումս համապարփակ կարգավորված չեն, անձանց նշվող շրջանակի վերաբերյալ առանցքային հարցերն առհասարակ բաց են մնացել, իսկ որոշ հարցեր, թեեւ տարբեր իրավական ակտերում ստացել են որոշակի կարգավորում, սակայն թերի են ու չխմբագրված։ Նշվածով պայմանավորված՝ խնդիր է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որը կապահովի ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհետ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը։

Նախագծով սահմանվում է, թե ով է համարվելու անհայտ կորած անձ, եթե հակիրճ, ապա՝ զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում՝ կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում կամ հանգամանքներում, պաշտպանության գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում»,- ասաց նա։

Սրբուհի Գալյանը նաեւ նշեց, որ կստեղծվի անհայտ կորած անձանց միասնական ռեեստր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց Սրբուհի Գալյանին՝ անհայտ կորած անձ հասկացության տակ ի սկզբանե նշվում էր ՀՀ քաղաքացի, քաղաքացիության կետը հանվե՞լ է, թե՞ ոչ։ Գեղամ Մանուկյանը նաեւ նշեց, որ անհայտ կորած անձանց հարազատները հաճախ դիմում են կտրուկ գործողությունների, քանի որ տեղեկատվության պակաս ունեն։ Մասնավորապես, ԱԱԾ շենքի դեմ պարբերաբար ցույց են արել՝ պահանջով, որ ԱԱԾ տնօրենն իրենց ընդունի։ «Հնարավո՞ր է օրենքով խիստ կանոնակարգվի, եւ լիազոր մարմինը պարտավորված պարբերաբար շփում ունենալ անհայտ կորածների հարազատների հետ»,- հարցրեց Մանուկյանը։

Սրբուհի Գալյանն ասաց, որ անհայտ կորած անձ հասկացությունը չեն սահմանափակել միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքով։ Եվ անհայտ կորած անձ կարող է համարվել եւ ռազմական գործողություններին մասնակցած, եւ չմասնակցած անձը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ինչ վերաբերում է հարազատների հետ կոմունիկացիաներին, մենք այս մասին մտածել ենք եւ քննարկել ԱԱԾ գործընկերների հետ եւ նախատեսել ենք, որ ռեեստրում, որը պետք է վարվի լիազոր մարմնի կողմից եւ հասանելի լինի ՏԻՄ մարմիններին, այդ տվյալները համապատասխան դիմումի հիման վրա հասանելի կլինեն նաեւ անհայտ կորած անձի ընտանիքի անդամին։ Այսինքն՝ դիմումի առկայության դեպքում լիազոր մարմինը պարտավորություն է կրելու հայտնել ռեեստրում առկա բոլոր տվյալների մասին»,- նշեց Գալյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031