-Կարո՞ղ եմ տեղեկացնել ԵԽԽՎ-ին, որ այսօր Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք առաջադրվեց առանց անձեռնմխելիության հարցը հաղթահարելու,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանին այս հարցն ուղղեց նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը:
Նիստը նախագահողն արձագանքեց՝ իրավաբանության մեջ յուրաքանչյուր բառ ու տառ կարեւոր է . «Ձեր նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է 2018 թվականից, չի վերացվել, պարոն Գեւորգյան»:
-Ինձ ապօրինի մեղադրանք է առաջադրված, ամեն նիստին ասելու եմ,- հակադարձեց Գեւորգյանը:
Այսօր շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը՝ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ:
Կարդացեք նաև
-Իրավական անորոշության մեջ ենք, չգիտենք՝ ինչպես ու ինչից պաշտպանվենք: Սովորաբար, դատախազը մեղադրանք առաջադրելուց առաջ գալիս է Ազգային ժողով, ներկայացնում այդ հարցը ԱԺ-ում, ստանում համաձայնություն, նոր որոշում է ստորագրում: Մեր դեպքում ստացվել է այնպես, որ դատախազը երկու անգամ՝ 2024 եւ 2025 թթ նոր մեղադրանքներ առաջադրելու որոշում է ստորագրել՝ առանց ԱԺ գալու: Դատախազի հիմնավորումն այն էր, որ արդեն ներգրավված էինք մեղադրյալներ, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ գլխավոր դատախազը մեկ այլ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն ստանալու համար ու այն պարագայում, որ նախաքննության փուլում բոլոր փաստական հանգամանքներն ուներ, նոր մեղադրանք էր առաջադրել: Ստացվում է, որ դատախազությունը ենթադրում է, որ անձեռնմխելիության ինստիտուտն ավելի պաշտպանված է նախաքննության փուլում, քան դատաքննության: Այսինքն՝ դատաքննության փուլում պատգամավորին կարելի է անընդհատ նոր մեղադրանքներ առաջադրել՝ առանց անձեռնմխելիության հարց քննարկելու ու համաձայնություն ստանալու,- հավելեց Արմեն Գեւորգյանը:
Քանի որ նույն նոր մեղադրանքը վերաբերում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, նա եւս իր առարկությունները հայտնեց իրավական այդ գործընթացի վերաբերյալ՝ ասելով, որ դատախազությունը նախ պետք է ԱԺ գնար իրենց անձեռնմխելիության հարցը քննարկեր, համաձայնություն ստանար, որից հետո նոր այս գործընթացը սկսվեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































