ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ ՔՊ վարչությունը մերժել է իր թեկնածությունը, 2026-ի ընտրական ցուցակում նրա անունը չի լինի։
«Ես դիմել եմ սահմանված կարգով՝ որպես ՔՊ կուսակցության անդամ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռվի ընդգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում։ Այսինքն՝ դա ոչ թե ցուցակն էր, այլ նախնական ընտրության կազմը, որից կուսակցականները պետք է ընտրության միջոցով որոշեին, թե ով ցուցակի որ հորիզոնականը պետք է զբաղեցնի։ Ինձ որեւէ հիմնավորում չներկայացնելով՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մերժել է, ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը։ Ինձ հրավիրել են վարչության նիստին եւ ինձ համար որեւէ ընդունելի պատճառաբանություն չի ներկայացվել։ Իմ դիմումը մերժվել է, եւ ես առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը որպես կուսակցական եւ լինել ցուցակում, որպեսզի մեր կուսակցականները որոշեն՝ ես լինեմ ԱԺ-ում, թե՞ ոչ»,- ասաց նա։
Հայկ Սարգսյանը նշեց, որ ՔՊ-ն որդեգրել է քաղաքականություն, որ պետք է լինի թափանցիկություն ու հավասարությունը․ «Ցավոք սրտի, բազմաթիվ իմ կուսակցական ընկերներ տարակուսանք են հայտնում, որ իրենք տեղեկացված չեն, թե ինչու թույլ չի տրվել, որ ես ընդգրկվեմ ցուցակում։ Եթե որեւէ բան չփոխվի, եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, վարչության նիստ չանեն ու որոշեն՝ չէ, Հայկի նկատմամբ սխալ ենք եղել, եկեք ընդգրկենք, ես առաջիկա ընտրություններում չեմ լինի ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում։ Ասեմ, որ նման ցանկություն չունեմ էլ բողոքարկումս չընդունելուց հետո լինել նախընտրական ցուցակում»։
Հարցին, թե մնալո՞ւ է որպես ՔՊ-ական, նա պատասխանեց․ «Ես մինչեւ 2026 թվականի նոր ընտրությունները շարունակելու եմ իմ լիազորությունների շրջանակներում աշխատել»։
Կարդացեք նաև
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում պլանավորո՞ւմ է, Հայկ Սարգսյանն ասաց, որ չի պլանավորում նման հանդիպում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։
Նա նշեց, որ ՔՊ վարչությունն ունի 20 անդամ, բոլորի ձայները հավասար են․ «Եվ վարչությունը կայացրել է երկու որոշում՝ առաջինը՝ մերժել է իմ՝ ցուցակում ընդգրկվելը, երկրորդ դեպքում մերժել է իմ բողոքարկումը»։
Հայկ Սարգսյանն անդրադարձավ նաեւ հարցին, որ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ կապ ունի՞։ «Ես քրեական ենթամշակույթի հետ երբեւէ կապ չեմ ունեցել, ես չունեմ նման ընկերներ, որեւէ ընկեր չունեմ, ով հանդիսանում է քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, այսինքն՝ քրեական հեղինակություն կամ օրենքով գող։ Ասեմ ավելին՝ ես միակ պատգամավորն եմ, ով ԱԺ-ում մշտապես բարձրացրել է քրեական ենթամշակույթ կրող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Եվ որեւէ առումով աշխատանքն առաջ չի գնացել։ Դա նշանակում է, որ ես սատարո՞ւմ եմ, հա՞, քրեական ենթամշակույթը»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































