Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրեն Խաչատրյանը չի ասել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքը պետք է բեկանվի, օրինակ՝ կալանք կիրառվի»․ Արամ Վարդևանյանը՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման մասին

Հունվար 16,2026 17:02

«Սուրեն Խաչատրյանը չի ասել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք չպետք է կիրառվի։ Նա ասել է, որ այդ հարցի վերաբերյալ վարույթ հարուցելն ինչ-որ իմաստով ավելի վաղ էր, պետք էր ավելի ուշ հարուցել՝ մի տեխնիկական ֆանտազիայի տիրույթում գտնվող պատճառաբանություն։ Բայց Սուրեն Խաչատրյանը չի ասել, որ տնային կալանքը պետք է բեկանվի, օրինակ՝ կալանք կիրառված լինի»,- անդրադառնալով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը, որով բեկանվել է Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու մասին դատարանի որոշումը, ճեպազրույցում այսպես պարզաբանեց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Լրագրողների հարցին՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը նշանակո՞ւմ է, որ Սամվել Կարապետյանին պետք է տեղափոխեն ԱԱԾ մեկուսարան, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Նշվածը չի կարող դա ենթադրել։ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է մեկ կարգավորում․ անձի կողմից, եթե առկա է ինտենսիվ խափանման միջոց՝ կալանք կամ տնային կալանք, դրա լրանալուց հինգ օր շուտ պետք է դրա երկարացման վերաբերյալ միջնորդություն ներկայացվի։ Սամվել Կարապետյանի դեպքում, ըստ քննչական մարմնի՝ այն լրացել էր հունվարի 13-ին, և քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն տնային կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, որը դիտարկվել է դատարանի կողմից, վարույթ հարուցվել, և այսօր ժամը 16։00-ին դատական նիստ է նշանակվել։

Քրեական դատավարության օրենսգրքով որևէ կառուցակարգ խափանման միջոցի փոփոխության, երբ արդեն հստակ ժամկետը առկա է, չի նախատեսվում, դատախազությունն ու քննչականն ամեն կերպ քաղաքական հետապնդման շրջանակներում երևի թե նույնիսկ երազում են տեսնել Սամվել Կարապետյանին կալանավորված, բայց իրենք ունեն մեծագույն խոչընդոտ․ դա քրեական դատավարության օրենսգիրքն է։ Կամ թող արձանագրեն, որ քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կամ պարզապես պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն»։

Ըստ Արամ Վարդևանյանի՝ այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ վերջին յոթ ամիսների ընթացքում, ոչ միայն վրեժխնդրություն է, հաշվեհարդար, քաղաքական հետապնդման ամենանենգ դրոևորումը, այլ ՝ չգիտի ինչ։

Լրագրողների հստակեցմանը՝ այն հաղորդագրությունը, որ Սամվել Կարապետյանին տեղափոխելու են ԱԱԾ մեկուսարան, չի՞ համապատասխանում իրականությանը, փաստաբանը պատասխանեց․ «Այն, որ Սամվել Կարապետյանը բժշկական օգնության իրավունքի տիրույթում է, դա փաստ է։ Վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվել է վերաքննիչ քրեական դատարանի կողմից հակակոռուպցիոն ուղղվածությամբ։ Արդյոք դրա հետևանքն ի վերջո դա է, այո, բայց արդյոք դատարանն ուղիղ գնահատական տվել է՝ տնային կալանք, թե կալանք, ասում եմ՝ ոչ»։

Ի վերջո, Սամվել Կարապետյանը տեղափոխվելո՞ւ է մեկուսարան, թե՞ ոչ, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Ըստ այս որոշման՝ 48 ժամվա համար, եթե անձը չունենար բժշկական օգնության ու սպասարկման անհետաձգելի իրավունքի իրացման հարցեր, այո, այդ հարցը կարող էր դիտարկվել։ Այսօր դատավոր Դոլմազյանը քննության առարկա պիտի դարձնի տնային կալանքի երկարաձգման հարցը»։

Արամ Վարդևանյանը վստահեցրեց, որ Սամվել Կարապետյանի մոտ առողջական բնույթի հարցերն ի հայտ են եկել ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում պաշտոնյաների ձեռնարկած անգործության և ինչ-որ առումով գործողությունների պատճառով, և դատարանը տնային կալանքի որոշում էր կայացրել նաև հենց այս հիմնավորմամբ։

Արամ Վարդևանյանը նաև հայտնեց, որ Սուրեն Խաչատրյանն իր որոշմամբ գտնում է, որ Սամվել Կարապետյանի կոչերի սահմանափակումը ոչ իրավաչափ է․ «Սուրեն Խաչատրյանը գտնում է, որ կոչեր կատարելու վերաբերյալ սահմանափակում Սամվել Կարապետյանի նկատմամբ չպիտի լիներ։ Ես ինչ-որ տեղ իսկապես դրական եմ վերաբերվում, որ Սուրեն Խաչատրյանը գտնում էր, որ Սամվել Կարապետյանի կոչերը չէր կարելի սահմանափակել։ Բայց դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիան կամ իրավական իրավունքի գերակայությունից կիլոմետրերով հեռու լինելը կարող եմ ասել, որ արտահայտվում է քաղաքական հետապնդումով, մարդասիրության իսպառ բացակայությամբ»։

Նշենք, որ այս պահին դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ընթանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման վերաբերյալ նիստը։

Արամ Վարդևանյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031