ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը նախադեպային դիրքորոշմամբ անդրադարձել է հողամասերին առնչվող վարչական վարույթում վարչական ակտ չընդունելուն
Վճռաբեկ դատարանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց անցած տարվա դեկտեմբերի 15-ի որոշման մասին։
Վճռաբեկը որոշում էր կայացրել, համաձայն որի՝ անձը կարող է գործողության կատարման հայցատեսակի սահմաններում պահանջել տրամադրել համապատասխան փաստաթուղթն այն դեպքում, երբ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել եւ վարչական մարմինն անձին չի տրամադրել օրենքի ուժով ընդունված վարչական ակտի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը։
Վոլոդյա Դավթյանը (ներկայացուցիչ՝ Հասմիկ Մարտիրոսյան) դիմելով դատարան՝ պահանջել էր պարտավորեցնել Երեւանի քաղաքապետարանին՝ տրամադրել հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ։
Կարդացեք նաև
Հասմիկ Մարտիրոսյանը (նկարում) «Առավոտին» երեկ ասաց. «Հայցվորին դեռեւս 1990 թվականին 10 տարի ժամկետով Շենգավիթ վարչական շրջանի կողմից տրամադրվել է այդ հողամասը, որպես վարձակալություն, հայցվորը 10 եւ մինչ այս պահը օգտագործել է այդ հողամասը, եւ բնականաբար, վարձակալության ժամկետների ավարտից հետո այն գործել է անորոշ ժամկետով, քանի որ վարչական շրջանի կողմից այն չի դադարեցվել, այլ անձի չի տրամադրվել, 3 -րդ անձի իրավունքները չի խախտվել, այս դեպքում ՀՀ Հողային օրենսգրքի կարգավորումներով ճանաչվում է քաղաքացու նախապատվության, ապա սեփականության իրավունքով ձեռք բերելու իրավունքը։ Նշված հողամասը նաեւ Համայնքի ղեկավարի մեկ այլ որոշմամբ տրամադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային … քաղաքապետարանը այդ որոշումը իր նախաձեռնությամբ ճանաչել է անվավեր։ Հետեւաբար, եթե հողամասերը բնության մեջ փաստացի տիրապետվում են քաղաքացիների կողմից եւ որոշակի ապացույցներով կապացուցվի քաղաքացու տիրապետման փաստը»։
ՀՀ վարչական դատարանը հայցը մերժել էր։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը հայցադիմումը մասնակիորեն բավարարել էր, վճիռը բեկանվել էր, գործն ուղարկվել նոր քննության։
Երեւանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Սեւակ Բարսեղյան) վճռաբեկ բողոք էր բերել։ Ըստ բողոքաբերի, վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում հայցվորի պահանջը վերաբերում էր ոչ թե հողամասի տրամադրմանը, այլ սեփականության իրավունքով հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքի ճանաչմանը։ Վերաքննիչ դատարանը հաշվի չէր առել, որ հայցը բավարարվելու դեպքում, հայցվորին կտրամադրվեր ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, քանի որ դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ գույքը գրանցված է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա, այսինքն, առկա է գույքի նկատմամբ գրանցված ֆեդերացիայի օգտագործման իրավունքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/11705/05/21 վարչական գործով Երեւանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, բարձրացրել էր հետեւյալ հարցերը. հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու դեպքում արդյո՞ք հայցվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված օրենքի ուժով, արդյո՞ք անձը կարող է գործողության կատարման հայցատեսակի սահմաններում պահանջել տրամադրել համապատասխան փաստաթուղթն այն դեպքում, երբ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «օրենսդիրը հողամասի տրամադրման ոլորտում բացառել է այնպիսի իրավական հետեւանքների առաջացումը, որոնք կարող էին ձեւավորվել վարչական անգործության հիմքով՝ նախատեսելով կարգավորում առ այն, որ հողամասի տրամադրման վերաբերյալ դիմումը տվյալ դիմումի քննարկման համար նախատեսված ժամկետի լրանալու պարագայում համարվում է մերժված համապատասխան վարչական մարմնի անգործության, այն է՝ տվյալ դիմումի վերաբերյալ վարույթը սահմանափակող ակտ չկայացնելու դեպքում»։
Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ եթե անձի դիմումը վերաբերում է հողամասը տրամադրելուն, ապա այդ հիմքով հարուցվում է վարույթ, որի քննության առարկան է հանդիսանում պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով տրամադրելը։ «Նման վարչարարությունը չի կարող եզրափակվել այլ կերպ, քան դիմումի բավարարումն է կամ մերժումը, ընդ որում՝ մերժման եղանակը կարող է լինել ինչպես վարչական մարմնի կողմից միջամտող վարչական ակտի ընդունումը, այնպես էլ վարչական մարմնի անգործությունը, որի դեպքում դիմումը համարվում է օրենքի ուժով մերժված՝ հողամաս տրամադրելու դիմումի քննարկման համար սահմանված ժամկետը լրանալու պահից։ Միաժամանակ, եթե անձի դիմումը վերաբերում է ոչ թե պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով տրամադրելուն (այդ իրավունքների փոխանցմանը), այլ հողամասին առնչվող այլ իրավունք (ներառյալ՝ ձեռքբերման նախապատվության իրավունքը) ճանաչելուն, ապա այդ դեպքում վարչական վարույթի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատուկ կարգավորումը կիրառելի չէ, եւ վարչական վարույթը կարող է եզրափակվել ընդհանուր կարգով՝ ինչպես միջամտող, զուգորդող կամ բարենպաստ վարչական ակտի ընդունմամբ, այնպես էլ վարչական մարմնի անգործության դեպքում՝ իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ»,- իր որոշման մեջ ամրագրել էր ՀՀ վճռաբեկ դատարանը:
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու դեպքում հայցվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված օրենքի ուժով, եթե բավարարված են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված պահանջները։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2026


















































