Լսեք, բերանով եք ասում. 3 (երեք) միլիարդ դրամ… պարգևավճար: Այն էլ՝ Նիկոլ Փաշինյանին, նրա կաբինետի նախարարներին, նախարարների տեղակալներին, վարչության պետերին: Ներառյալ վարորդ-մարորդներին: Մի երկրում, որտեղ աղքատության աստիճանը շարունակաբար մնում է բարձր, կառավարությունը, պետական պաշտոնյաները, սկսած Նիկոլ Փաշինյանից, գործնականում իրենք իրենց 3 միլիարդ դրամի կամ որ նույնն է՝ գրեթե 8 (ութ) միլիոն ԱՄՆ դոլարի միայն պարգևավճար են դուրս գրում պետական բյուջեից: Ու դա դեռ տարեվերջյան, այսպես ասած՝ «տոնական» պարգևատրումն է: Չնայած, դա արդեն նույնիսկ կարևոր էլ չէ:
Երբևէ, գոնե թեկուզ հին կինոներում տեսած կա՞ք, թե ինչպես են անապատը մի կերպ հաղթահարածները վրա պրծնում ջրին, կամ սովահարներն ինչպես են հարձակվում կերակուրի վրա: Երբ հրապարակվեց Փաշինյանի կառավարության, իշխանության ոլորտային «առաջին-երկրորդ» դեմքերի, պաշտոնյաների այս՝ բազմամիլիարդանոց ինքնապարգևավճարման մասին տեղեկությունը, տողերիս հեղինակի մտապատկերով նման տեսարաններ «անցան»: Իսկ ի՞նչ մտածեցին կամ ի՞նչ են մտածում մեր թոշակառու և նպաստառու հայրենակիցները: Ի՞նչ պատկերներ երևացին նրանց, երբ իմացան, որ օրուգիշեր իրենց սեր խոստովանող, իրենց առաջ իբրև թե խոնարհվող քպական պաշտոնյաները միլիոններ է, որ պարգևավճարվել են:
Այնքան միլիոններ, որ նախարարներից մեկը նույնիսկ անփութորեն է արտաբերում, թե՝ մի 6-7 միլիոն դրամ էլ ինքն է պարգևավճարվել: Դե, չարչարվել են, բա պիտի լիուբոլ ստանան: Չէ, մի հատ ըմբոշխնեք այդ պահն էլի՝ մի 6-7 միլիոն: Այսինքն՝ նրանք միլիոններն իսկի չեն հաշվում: Դե, մեկ միլիոն այս կողմ, մեկ միլիոն այն կողմ, դա ի՞նչ է իրենց համար:
Հա, իրենց համար: Նրանց համար, որ այլ հանգամանքների դեպքում կերազեին 2-3 միլիոն դրամ միասին տեսնել, էլ չենք ասում, որ այդ այլ հանգամանքների դեպքում ավելի շուտ իրենց ծոծրակները կտեսնեին, քան թե պետական բարձր պաշտոն…
Կարդացեք նաև
Հիմա իրենց համար 10 կամ 20 հազար դոլարը այնպե՜ս, գրպանի մանր ծախս է:
Այնպիսի տպավորություն է, որ քպական «առաջին շարքի» «կարկառունները» թևքերը քշտած մտել են պետական բյուջե և ուտել է, որ ուտում են: Անկշտորեն: Աչքածակաբար:
Ու Փաշինյանի այս իշխանությունը բացահայտորեն ծաղրում, ձեռք է առնում հասարակությանը, առաջին հերթին՝ թոշակառուներին, չքավորներին, աղքատներին:
Թոշակառուին 10000 դրամ ավելի վճարելու օրինական պահանջի դեպքում սկսում են աղիողորմ լացել, թե՝ փող չկա, թե թոշակառուն չգիտի՝ ինչի վրա ծախսել այդ գումարները: Ասում են, որ եթե թոշակառուին հանկարծ 20 հազար դրամ ավել վճարեն, միևնույնն է, նրա կյանքում դա բան չի փոխելու, տունն էլի չջեռուցված կմնա:
Ու ստացվում է այսպես. քանի որ թոշակառուի կյանքում 20 հազար դրամը բան չի փոխելու, եկեք ինքներս մեզ մի 6-7 միլիոն դրամ պարգևավճար տանք՝ «չաղուբախտավորվենք»:
Սա, այս վարքը, որ փաշինյանական իշխանությունը դրսևորում է, ավելի ճիշտ՝ դրսևորեց պարգևավճարների հետ կապված, ունի նաև շատ պարզ ու հակիրճ, ոչ իրավական սահմանում. անբարոյականությո՛ւն: Եթե կուզեք՝ սոցիալական անբարոյականություն:
Դեռ մի կողմ դնենք հարցը, թե՝ «պարգևավճար ինչի՞ համար»: Օրինակ՝ Եկեղեցու կուսակրոնության հարցեր քննարկելո՞ւ, Եկեղեցու վրա հարձակվելո՞ւ, ընդդիմադիրներին կալանավորելո՞ւ, թոշակ չբարձրացնելո՞ւ, աղքատություն չնվազեցնելո՞ւ, սպանությունների, ծանր հանցագործությունների աճի՞ (լրացրեք, ըստ ձեր երևակայության) համար: Ինչի՞ համար: Կրկնեմ՝ դա դնենք մի կողմ: Ու դա էլ արդեն նույնիսկ էական չէ: Էականն այն է, որ 1 նախարարի մեկանգամյա պարգևատրումը 1 թոշակառուի 10-12 տարվա (կարելի է ասել՝ կյանքի մնացած հատվածի) թոշակի գումարին է հավասար: Կամ՝ 10-12 թոշակառուի 1 տարվա թոշակի գումարն է:
Հա, անձամբ Փաշինյանն ու իր երկու փոխվարչապետերը, այսինքն՝ 3 հոգով ամբողջ 51,6 միլիոն դրամ պարգևատրումներ են ստացել: Դա էլ 110-ից 120 թոշակառուի 1 տարվա կենսաթոշակն է: Հիմա պատկերացրեք, եթե դրանից մի 10 անգամ պակաս պարգևատրվեին նախկինում: Ի՞նչ կլիներ: Իսկ կլիներ աղմուկ-աղաղակ: Օրինակ՝, 2013, 2014, անգամ 2017 թվականի Նիկոլ Փաշինյանն անվարան ու սրտաճմլիկ ելույթ կունենար ԱԺ ամբիոնից, անարգանքի սյուներին կգամեր պարգևավճարված նախարարներին: Իսկ հիմա, հակառակը, դեռ մի բան էլ արդարացնո՜ւմ է, հիմնավորո՜ւմ, թե բա սեփական կյանքը չխնայելով՝ տքնել են, բա պիտի պարգևատրվեն էլ…
Լուսահոգի տատս կասեր՝ այնպես են ուտում, ասես աշխարհի վերջն է:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































