Լրահոս
Օրվա լրահոսը

Մաֆիայում գործող հիմնական օրենքը

Հունվար 17,2026 10:00

Գրքերից եւ ֆիլմերից մենք գիտենք, որ եթե մարդուն ցանկանում են ընդգրկել որեւէ հանցավոր գործունեության, օրինակ, ավազակախմբի կամ մաֆիայի մեջ, նրան մի կեղտոտ գործ են հանձնարարում, որ նա այլեւս նահանջելու, նորմալ կյանքին վերադառնալու տեղ չունենա, մեկընդմիշտ կապվի այդ հանցավոր խմբավորման հետ:

Դա ունիվերսալ օրենք է, որը գործում է կյանքի ամենատարբեր ոլորտներում: Տիրադավ եպիսկոպոսների մտքով գուցե եւ անցնում էր հետքայլ կատարել եւ շարունակել հանգիստ իրականացնել իրենց ծառայությունը: Բայց Փաշինյանը ստիպեց նրանց հերթական, բոլոր տեսանկյուններից անօրինական թուղթ ստորագրել, որ կեղտոտվեն մինչեւ վերջ եւ երբեք չհամարձակվեն «թռնել շեֆի վրայից»:

Հիմա էլ իշխանությունները (պրոքսի եպիսկոպոսներից մեկի միջոցով) դատի են տալիս Հայ առաքելական եկեղեցուն մի հայցով, որը դատարանի իրավասությունների մեջ ակնհայտորեն չի մտնում: Իհարկե, հնարավոր էր այդ եպիսկոպոսին շարունակել զոռով պահել առաջնորդարանում ԱԱԾ-ի միջոցով: Բայց խնդիրն այստեղ այլ է: Պարզ է, որ փաշինյանական դատարանը որոշում կընդունի հօգուտ փաշինյանական եպիսկոպոսի: Դրանով դատական համակարգն ավելի շատ կմրոտվի՝ այնքան, որ այլեւս գրեթե հնարավոր չլինի մաքրել:

Նույնն է, իհարկե, նաեւ միջազգային ասպարեզում: Հայաստանի իշխանություններն, իհարկե, կուզեին մանեւրել Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Բայց Թուրքիայի արտգործնախարարը, կանխելով այդ հնարավոր մտադրությունը եւ կոպտորեն միջամտելով Հայաստանի ներքին կյանքին, ըստ էության, հայտարարել է, որ մեր երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Թուրքիան աջակցում է Փաշինյանին: Խոսելով ընտրությունների մասին եւ կոնկրետ մի թեկնածուի վերաբերյալ դրական գնահատական տալը որեւէ այլ կերպ չի կարող ընկալվել միջազգային հարաբերություններում: Թեեւ Ֆիդանը չի մանրամասնել, թե ինչպես են սատարում նրան՝ բարոյապես, քաղաքականապես, փողով, զորքով, բայց, ընդհանուր առմամբ, պարզ է, որ այսուհետ կարելի է համարել, որ Փաշինյանն արդեն պաշտոնապես Թուրքիայի թեկնածուն է: (Ի դեպ, այդ ֆոնին խոսակցություններն այն մասին, որ այսինչը կամ այնինչը ծառայում է օտար շահերին, օտար գործակալ է, անհեթեթ են թվում):

Հաշվարկը պարզ է. իմանալով Հայաստանի իշխանավորներին՝ թուրք ղեկավարները շատ լավ հասկանում են, ու նրանք արժանապատվություն չեն ունենա ասելու՝ «հարգելի Ֆիդան, Հայաստանում կայանալիք ընտրությունները մեր ներքին գործն է, ձեր գործը չի»: Նրանք ստիպված կլինեն Հայաստանի ինքնիշխանությանը հասցրած այդ ապտակին պատասխանել շնորհակալություններով:

Այսինքն՝ դարձյալ փչանալ եւ ավելի սերտ կապվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031