Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է քաղբանտարկյալների վերաբերյալ Եվրամիության լռությանը։
-Մեր հարցը վերաբերում է Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։ Ընդդիմությունը նշում է, որ ավելի քան 60 քաղբանտարկյալ կա մեր երկրում։ Ո՞րն է ԵՄ դիրքորոշումը այս հարցում։ Ինչո՞ւ է Եվրամիությունը լռություն պահպանում։
-Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կիրառեն բոլոր այն չափանիշները, որոնք պահանջվում են օրենսդրությամբ և Սահմանադրությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր այդ մարմինների հետ։ Մենք չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը, դրանք պետք է դիտարկել երկրի ներսում ընթացող քաղաքական և ինստիտուցիոնալ քննարկումների համատեքստում։ Այնպես որ, Եվրոպական միությունը լուռ չէ, սակայն Եվրոպական միությունը չի կարող սկսել մեկնաբանություններ անել, քանի որ մենք իրավասու մարմին չենք։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ, ունենք երկխոսություն նաև քաղաքացիական հասարակության հետ։ Աշխատում ենք ինչպես Կառավարության, այնպես էլ ընդդիմության հետ, որը նույնպես հետևում է այդ գործերից որոշներին։ Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլորի հետ։ Սա է մեր գործունեությունը, և մենք լուռ չենք, քանի որ այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին՝ ավելի բարձր ստանդարտների հասնելու համար։ Բայց դա կախված է նրանից, թե ինչպես են գործում իշխանության բոլոր ճյուղերն ու ինստիտուտները։
-Անկախ կառավարության հետ աշխատանքից, Եվրամիությունը մոնիտորինգի ենթարկում է իրավիճակը։ Դուք չեք տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում։
Կարդացեք նաև
-Եվրամիությունը հետևում է իրավիճակին՝ քննարկումների միջոցով բոլոր գործընկերների հետ, սակայն մենք չենք կարող միջամտել առանձին գործերին։ Այնուամենայնիվ, մենք շատ մոտիկից հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում։
Դիանա ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































