Գործարար Սամվել Կարապետյանն այսօր ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է տնային կալանքը։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Այնուհետեւ հունվարի 17-ին, քննելով դատախազության ներկայացրած միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ, դատարանը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժել էր, եւ կրկին կիրառվել էր տնային կալանք։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը լրագրողներին ասաց՝ այն, ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի նկատմամբ արդեն 7 ամիս, իսկապես աբսուրդային է։ «Այս պահի դրությամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալանքը որպես խափանման միջոց։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ենթադրում էր կրկին կալանքի ռեժիմ։ Եվ այն դատական նիստը, որը տեղի ունեցավ 14 ժամ տեւողությամբ՝ դատավոր Դոլմազյանի նախագահությամբ, կրկին հանգեցրեց նրան, որ տնային կալանքը կիրառվեց որպես խափանման միջոց։ Իհարկե, նաեւ այն սահմանափակումները, որոնք կիրառվել էին հրապարակային խոսքի առումով, դրանք վերացվել են»,- ասաց Վարդեւանյանը։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընդհանրապես որեւէ խափանման միջոց չպետք է կիրառվեր, այստեղ ընդհանրապես գործ չկա, բայց կա 7 ամսից ավելի տեւող քրեական հետապնդում։
«ՀՀ-ում մենք ունենք մարդասիրության ճգնաժամ։ Այն, որ մեզ մոտ քաղաքական հետապնդումները, քաղաքական բանտարկյալների թիվն իսկապես ռեկորդային է, դա արդեն հայտնի է բոլորին։ Բայց մենք ունենք նաեւ մարդասիրության ճգնաժամ։ Այն ինչ տեղի ունեցավ հունվարի 16-ին, դրա ապացույցն է, երբ Սամվել Կարապետյանը գտնվում էր բժշկական կենտրոնում՝ իր հիվանդասենյակում, եւ այդ պայմաններում գալիս են եւ ներերակային ներարկումը փաստացի ընդհատում ու տանում են»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Արամ Վարդեւանյանը նաեւ նշեց, որ Սամվել Կարապետյանը դեռեւս ունի ստացիոնար բուժման կարիք, դրա վերաբերյալ կան փաստաթղթեր։ «Մի բան հստակ է՝ Սամվել Կարապետյանն առողջական խնդիրներ չի ունեցել մինչեւ 2025 թվականի հունիսի 18-ը։ Այն, ինչ տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի հետ՝ թոքաբորբը եւ կորոնավիրուսային վարակը, մենք այդտեղ տեսնում ենք ուղիղ դիտավորություն՝ իրավասու պաշտոնյանի եւ քաղաքական պաշտոնյաների կողմից Սամվել Կարապետյանի առողջության նկատմամբ ոտնձգության տեսանկյունից»,- ասա Արամ Վարդեւանյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































