Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ցրվել ենք աշխարհում, բայց չենք անհետացել, մենք կանք, միահամուռ ենք․ քանի կան արցախցները, կա նաեւ Արցախի հարցը»

Հունվար 18,2026 16:40

Արցախցի նկարչուհի Լիլյա Պետրոսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում է «Մենք կանք» խորագրով արցախյան ցուցահանդեսին։ Լիլյան Արցախում իր սեփական արվեստանոցն ուներ, բայց 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո գործունեությունը շարունակում է Հայաստանում՝ եւ դասավանդում է, եւ նկարների ու ձեռքի աշխատանքի պատվերներ ընդունում։ Պատվերները շատ չեն, ինչպես Արցախում, բայց Լիլյա Պետրոսյանն ասում է, որ չի դժգոհում եւ մնալու է Հայաստանում, չի արտագաղթելու։

«Հայաստանն իմ հողն է, իմ հողի շարունակությունն է, չեմ արտագաղթելու, ես չեմ ուզում գնալ Ռուսաստան, չեմ ուզում, որ իմ երեխան ռուսերեն խոսի։ Ես շատ կուզեմ, որ վերադառնանք Արցախ, բայց նաեւ թուրքի հետ չենք կարող ապրել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Լիլյա Պետրոսյանը։

Արցախցիների համար Արցախի ու Արցախ վերադարձի հարցերը փակ չեն, բայց պետք է պայմաններ լինեն վերադարձի համար։ «Ես այնտեղ թողել եմ իմ եղբայրների ու հայրիկի գերեզմանները, իմ տունն ու տեղը։ Մեզ համար շատ դժվար է, եւ վերադարձի հարցը փակ չէ»,- նշում է Լիլյա Պետրոսյանը։

Արցախցի Մարինա Թեւանյանը Amor Desserts-ի հիմնադիրն է, 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո 2024 թվականին իրենց գործունեությունը վերսկսել են Հայաստանում՝ Հայանիստ համայնքում։ Մարինա Թեւանյանն ասում է, որ Հայաստանում գործունեությունը սկսել է մեկ կիլոգրամ խաչապուրիով։ «Դժվարությամբ վերաբացվեցինք, որովհետեւ ամեն ինչ կորցնելուց հետո նախ ինքդ քեզ գտնելն էր դժվար։ Այստեղ իմ գործունեությունը սկսեցի մեկ կիլոգրամ խաչապուրիով, բայց հիմա արտադրամաս ունենք, 20-ից ավելի տեսականի ու հավատարիմ հաճախորդներ ունենք»,- ասում է նա։

Մարինան եւս նշում է, որ չի մտածում Հայաստանից արտագաղթելու մասին, նախքան Արցախ վերադարձը՝ միայն այստեղ է պատկերացնում իրենց ապագան։ «Սա իմ հայրենիքն է, ճիշտ է, մենք կորցրեցինք մեր հայրենիքը, բայց սա էլ իմ մեծ հայրենիքն է, ես այստեղ ինձ տանն եմ զգում։ Ճիշտ է, մենք ցրվեցինք ոչ միայն Հայաստանում, Արցախը ցրվեց ամբողջ աշխարհով մեկ, բայց այս նախագիծը հոյակապ նախագիծ է, մենք ասում ենք՝ մենք կանք։ Մենք ցրվել ենք, բայց չենք անհետացել, մենք կանք, միահամուռ ենք։ Քանի կան արցախցները, կա նաեւ Արցախի հարցը»,- նշեց նա։

Անդրադառնալով Արցախ վերադառնալու հարցին՝ Մարինան ասաց, որ կվերադառնան միայն դեպքում, երբ Արցախը Ադրբեջանի ենթակայության տակ չի լինի, նախկին կարգավիճակը կունենա։ Արցախցիների մեծ մասը, նրա խոսքով, հնարավորության դեպքում կվերադառնան․ «Որովհետեւ, ինչքան էլ այստեղ ստեղծում ես, ժպտում ես, միեւնույն է, այդ ցավը չի անցնում, կարոտը չես կարող անտեսել։ Արցախը մեր ծննդավայրն է, մեր գերեզմաններն ու պապերի տները Արցախում են։ Բոլորն էլ կցանկանան վերադառնալ, մեր ցավը մեծ է»,- նշում է նա։

Նազիկ Հայրիյանը Արցախում 25 տարի ուսուցչուհի է աշխատել, իսկ Հայաստանում մասնակցել է բիզնես դասընթացների ու ձեռագործ աշխատանքներ է կատարում։

Նա եւս մտադրություն չունի Հայաստանից հեռանալու, նշում է, որ Հայաստանն էլ է իրենց հայրենիքը, իր ընտանիքը Հայաստանում է եւ որեւէ մեկը չի արտագաղթել։ «Կուզենամ, որ այնպիսի պայմաններ չստեղծվեն, որ ստիպված լինենք Հայաստանից գնալ։ Ես հայրենասեր եմ, չեմ սիրում օտար երկրում ապրել»,- մեզ հետ զրույցում ասում է Նազիկ Հայրյանը։ Նա եւս դժվարությամբ, բայց կարողանում է կայացնել իր բիզնեսը, ասում է՝ արդեն պատվիրատուներ ունի։

Նազիկ Հայրիյանը նշում է, որ իրատեսական է մտածում՝ առանց պատերազմի ոչ ոք հող հետ չի տա հայերին։ Այսինքն՝ Արցախ վերադարձի հարցը միայն պատերազմի ճանապարհով է հնարավոր լուծել։ «Հնարավոր չէ թուրքերի հետ ապրել, չգիտեմ՝ ով ինչ է մտածում, բայց ես գիտեմ, որ թուրքի հետ միասին հնարավոր չէ ապրել»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031