Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես գնահատել ընկերությունն ու վերափոխվել. մանկական ներկայացում «Հայասա» թատերախմբի մասնակցությամբ

Հունվար 19,2026 12:00

Ռեժիսոր Նունե Աբրահամյանի բեմադրությունը՝ փոքրիկ տղայի մասին, ընդունվեց բուռն ծափերով

Ամանորյա տոներին 2 օր շարունակ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ավելի քան 2000 երեխա եւ գրեթե նույնքան մեծահասակ հնարավորություն ունեցան դիտելու «Հայասա» թատերախմբի «Իմ փետրավոր ընկերը» ներկայացումը:

Ռեժիսոր Նունե Աբրահամյանի բեմադրած պատմությունը փոքրիկ տղայի մասին էր, որը անհավասար վերաբերմունքի է արժանանում տարիքով ավելի մեծ եղբայրների ու քույրերի կողմից: Դրա համար էլ որոշում է փչացնել Սուրբ Ծննդյան տոնը, սակայն այդ գիշեր հանդիպում է իր փետրավոր ընկերոջը՝ փոքրիկ հրեշտակին, որը տղային օգնում է բացահայտել իրական բարության եւ ընկերության արժեքը:

Նրանք միասին անցնում են հետաքրքիր արկածներով լի ճանապարհ, հաղթահարում խոչընդոտները եւ սովորում գնահատել ընկերությունն ու վերափոխվել: Պատմության ավարտին տղան հասկանում է, որ ուրիշների ուրախությունն իր համար նույնչափ կարեւոր է, որքան սեփականը:

Ներկայացման մասսայական տեսարաններում ներգրավված էին «Էլենը եւ երեխաները» պարային թատրոն ստուդիայի սաները՝ գեղարվեստական ղեկավար Էլեն Գրիգորյանի ղեկավարությամբ:

«Իմ փետրավոր ընկերը» ներկայացումը դուր եկավ փոքրիկներին, դրա վկայությունն էին բուռն ծափերը եւ դահլիճից դժվարությամբ հեռանալը:

Միջոցառման ավարտին երեխաներին սպասում էին նվերներ, որոնք ամեն տարի հասնում են Հայաստան Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) ջանքերով, եւ տասնյակ կամավորների աջակցությամբ` փաթեթավորվում ՀԱԵ-ի նախաձեռնությամբ: AMAA-ն Հայաստանում 1991թ.-ից հայ երեխաների համար կազմակերպում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան միջոցառումներ:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031