«Կադաստրի կոմիտեին 2025թ. համար հատկացված է եղել շուրջ 4 մլրդ դրամ, որը օգտագործվել է ընթացիկ, կապիտալ ծախսերի եւ թվայնացման օրակարգը սպասարկելու համար: 2025թ. մատուցված ծառայությունների արդյունքում հավաքագրվել է շուրջ 8 մլրդ 650 մլն դրամ: 2025թ. ցուցանիշները մոտ են 2024թ ցուցանիշներին եւ գերազանցում են նախորդ տարիներին հավաքագրված միջոցները, նաեւ 2024թ ցուցանիշներից պակաս են 140 մլն դրամի չափով: Այս տարբերությունը հիմնականում կախված է եղել գնման իրավունքների, գնման ինստիտուտի հետ կապված գործարքների քանակից»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի 2025 թվականի աշխատանքների ամփոփելիս:
Սուրեն Թովմասյանն ի թիվս այլնի՝ անդրադարձավ նաեւ ոլորտի օրենսդրական փոփոխություններին. «2025թ ընթացքում մշակվել եւ ԱԺ-ի կողմից ընդունվել է 21 օրենք ու Կառավարության կողմից՝ 21 որոշում»: Նա կարեւորեց դրանցից մի քանիսը. «Առաջինը Ռիելթորական գործունեության մասին օրենքն է, որը միտված է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի շուկայի զարգացման եւ ծառայությունների մատուցման ուղղությամբ նոր որակի ստանդարտի հաստատմանը:
Նոր օրենքով, որը ուժի մեջ կմտնի 2027թ կեսին, եւ այս փուլում ընթացիկ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում թվային հարթակների մշակման, կառավարության որոշումների ընդունման ուղղությամբ, նախատեսված է, որ ռիելթորները, այսինքն` անշարժ գույքի ոլորտում միջնորդ ծառայություններ մատուցողները պետք է որակավորվեն օրենքի տրամաբանությամբ: Որակավորման համար նախատեսված է հատուկ հարցաշարերի ընդունում, հաստատում եւ քննության ընթացակարգի հաստատում: Ներդրվելու է նոր՝ անշարժ գույքի կառավարման ինստիտուտ, որը թույլ է տալու անշարժ գույքի սեփականատերերին առանց հավելյալ վարչարարության իրենց սեփականության անշարժ գույքը հանձնել կառավարման եւ այդտեղից ստանալ համապատասխան եկամուտներ:
Ընդ որում` կառավարչի հանդեպ էլ կան սահմանված որոշակի պահանջներ: Ներդրվելու է նոր էլեկտրոնային համակարգ, որով ստուգվելու են անշարժ գույքի որակական հատկանիշները, այնուհետեւ նոր միայն թույլատրվելու է, որպեսզի անշարժ գույքը ցուցակագրվի:
Կարդացեք նաև
Սա օգնելու է մեզ վստահ լինել, որ շուկայում ցուցակագրվող գույքերի, այսինքն` այն գույքերի, որոնց վերաբերյալ տեղադրվում են հայտարարություններ էլեկտրոնային համակարգում վաճառքի կամ վարձակալության նպատակով, պարամետրերը լինեն ստուգված եւ հաստատված լիազոր մարմնի կողմից: Օրինակ, եթե մեկը ցուցակագրում է անշարժ գույք, որը ցանկանում է վաճառել, կարող է գնորդ հայտնվել, ու պարզ դառնա, որ այդ անշարժ գույքի վերաբերյալ առկա են բազմաթիվ խնդիրներ, իրավունքի պետական գրանցում չկա, մեջն ինքնակամ կառույցներ կան եւ այլն:
Էլեկտրոնային համակարգի ներդրմամբ համապատասխան շտեմարանում գույքը ստուգում կանցնի, եւ համապատասխան դաշտերը, որոնք փոփոխման ենթակա չեն լինի այլեւս, կցուցակագրվեն, ու գնորդը կամ տվյալ անշարժ գույքով հետաքրքրվողը հստակ կիմանա, թե ինչ գույքի հետ ինքը գործ ունի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ















































