Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը թող ժողովրդին ասի՝ մենք գալիս ենք, հարձակվելու ենք, պատերազմ են սկսելու, եւ հայ ժողովուրդը կորոշի՝ ում ընտրի»․ Ալեն Սիմոնյան

Հունվար 19,2026 14:30

«Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են Ադրբեջանում, մենք իրենց հետ կապված աշխատանք ենք տարել եւ տանելու ենք անընդմեջ։ Դրա համար ինչքան ժամանակ կպահանջվի, մենք դա անելու ենք եւ Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծումներ գտնել, որ այդ մարդիկ վերադառնան։ Դա չի քննարկվում, դա մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չի եղել ու չի լինի երբեւիցե»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ գերիների վերադարձի հարցին։

Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը, ասաց․ «Ես վստահ եմ, որ այն ներկայացվածությունը, որն այսօր այստեղ ունի «Հայաստան» դաշինքը, էլ չի ունենալու։ Հնարավոր է՝ մինիմալ շեմը հաղթահարեն, փոքր կազմով ներկայացված լինեն»։

Ըստ նրա՝ ընդդիմությունը մնացել է հին տրամաբանության մեջ, աշխատանքային այս ժամանակահատվածն իրենց ոչինչ չի սովորեցրել։ «Անհնար է այլեւս խոսել պատերազմի եւ հարեւան երկրներից որեւիցե մեկի նկատմամբ ինչ-որ տարածքային պահանջների մասին։ Թեպետ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսի ժամանակ դրա մասին խոսեց, ասաց՝ շատ վատ է, որ դու քեզ պարփակում ես 29 743մ քկմ մեջ։ Ինչ ասեմ՝ թող անեն այդ առաջարկը հայ ժողովրդին, գնան, ասեն՝ մենք գալիս ենք, հարձակվելու ենք, պատերազմ են սկսելու, այլ դիվանագիտություն ենք անելու, Ռուսաստանի հետ այլ հարաբերություններ ենք կառուցելու։ Թող առաջարկն անեն, հայ ժողովուրդը կորոշի, բայց կարծում եմ՝ մերժել է, մերժում է ու մերժելու է։ Դուք նկատե՞լ եք, որ աշխարհում այս վերջին տարիների գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունք կա ամենուրեք՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, մեր բոլոր հարեւանների մոտ, բացի մեր ընդդիմադիր որոշ շրջանակների եւ ռուսական որոշ պրոպագանդիստների։ Նենց տպավորություն է, որ որոշ ռուսական պրոպագանդիստներ եւ մեր ընդդիմությունը նույն դասարանից են։ Նույնիսկ Ռուսաստանի իշխանությունն է դրական բան խոսում, որովհետեւ քաղաքական առումով գիտակցում է»,- հավելեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով առաջիկայում կմեկնի Ռուսաստան։ Ժամկետները ճշտված չեն, բայց հրավեր ունի փոխադարձ պաշտոնական այցով մեկնել Ռուսաստան։ Այդ ձեւաչափով, եթե հնարավորություն ու առիթ լինի, ըստ Ալեն Սիմոնյանի, կքննարկի նաեւ ՀՀ նկատմամբ ռուսական հակաքարոզչության հարցերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ սպասվող ընտրություններում ՔՊ շանսերին ու վարկանիշին։ «Ես համարում եմ, որ ռեյտինգը որեւիցե ձեւով կայուն բան չի կարող լինել։ Մենք ի սկզբանե մեր տրամաբանությունը դրել ենք նրա մեջ, որ սկսում ենք զրոյից։ Այսինքն՝ զրոյից նորից սկսում ենք քարոզարշավ անել եւ գնալ առաջ։ Բայց ակնհայտ է, որ մասնավորապես օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից հետո, դրան հետեւած իրադարձություններից հետո մենք անցողիկ շեմը հաղթահարելու որեւիցե խնդիր չունենք, մեր համար շատ կարեւոր է սահմանադրական մեծամասնություն ձեւավորելը եւ մենք գնում ենք այդ ուղղությամբ։ Դա իմ ընկալմամբ՝ ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք։ Ես ենթադրում եմ, որ մենք ավելի շատ ձայն ենք ունենալու, ավելի շատ տոկոսային ներկայացվածություն ենք ունենալու, քան 54 տոկոսը, որն ունեցանք 2021 թվականին»,- ասաց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կեղծ պատարագներին նույն մարդկանց մասնակցությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Կեղծ պատարագը դա ձեր գնահատականն է, ընդդիմությունն է կեղծ։ Դա քաղաքական ակցիա չէ, վարչապետը գնում է, ակնհայտ է, որ վարչապետի անձի նկատմամբ սեր ու հարգանք վայելող մարդիկ կան շատ։ Թեկուզ նույն մարդիկ թող լինեն, բայց դա չի նշանակում, որ բերովի են եւ չի նշանակում, որ նույն մարդիկ են։ Պատարագներին ես տարբեր մարդկանց եմ տեսնում»։

Ամբողջական տեսանյութը այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031