«Վա՛յ էն պետությանը, որն Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնեին։ Եվ վա՛յ էն հասարակությանը, որը հանդուրժում է, որ նման աստղաբաշխական թվերով պարգևավճարներ ու հավելավճարներ ստանան այն պաշտոնյաները, որոնք իրոք արժանի չեն»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը՝ «Հայելի» ակումբում, խոսելով ձմռանը ցրտահարվող անվճարունակ թոշակառուների առկայության պայմաններում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությանը, թե պետական պաշտոնյաները պետք է բարձր վարձատրություն ստանան։
«Խնդիրը գիտե՞ք որն է։ Ալեն Սիմոնյանը խոսում է իրենց օգտակար գործողության գործակցի մասին, բայց բերեք համեմատենք իրենց օգտակար գործողության գործակիցը (օգգ) այդ պաշտոններում ու հասարակության, պետության մեջ տիրող իրավիճակը՝ լինի անվտանգություն, տնտեսություն, կոմունալ, կենցաղային խնդիրներ։ Բոլոր առումներով տապալված իրավիճակ է իրենց մոտ։ Անգամ ձյան հետ կապված։ Մի քիչ շատ ձյուն է եկել՝ օգտակար գործողության գործակցի մասին խոսող Ալեն Սիմոնյանին եմ ուզում ասել, անգամ չեն կարողանում փողոցները մաքրել, միջպետական ճանապարհները մշակել։ Ու իրենք խոսում են օգտակար գործողության գործակցից՝ Նիկոլ Փաշինյանին 18 մլն դրամ պարգևավճար-հավելավճար տալուց, պատգամավորներին՝ 3 մլն, նախարարներին՝ 6-ից 9 մլն, մարզպետներ և այլն, ու այդպես շարունակ։
Ասում են՝ աստղաբաշխական թվեր են։ Բայց ի՞նչ գիտեք, որ դրանք իրենց համար աստղաբաշխական թվեր են։ Իրենց համար դա, կարող է, գրպանի ծախս է։ Ի՞նչ գիտեք, թե ինչու է այս աղմուկը այսպես բարձրացել։ Տպավորություն ունեմ, որ այս 18 մլն-ով, 6-9 մլն-ով, 3 մլն-ով իրենք ամենևին էլ չեն բավարարվելու։ Ու շատ հնարավոր է, որ այս աղմուկը բարձրացվել է, որպեսզի քողածածկույթի տակ վերցնեն կոռուպցիոն ռիսկերն ու կոռուպցիոն դրսևորումները։
Նույն Աննա Հակոբյանի զարդերի մասին խոսվել է։ Միայն մի դրվագով 8,5 մլն դրամի զարդով է նա մասնակցել Փաշինյանի «ուխտերթ» էր, ինչ էր՝ դրան։ Այսինքն, եթե նայում ենք այս իրավիճակին, ապա Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարից միայն 8-9 միլիոնը գնացել է Աննա Հակոբյանի զարդին։
Կարդացեք նաև
Այսինքն, հասկանալի է, որ այս գումարները, որ իրենք ներկայացնում են, փորձում են նաև տպավորություն ստեղծել, թե՝ տեսեք, մենք ինչքան թափանցիկ աշխատում ենք, ցույց ենք տալիս հանրությանը, թե ինչքան եկամուտներ ենք ստանում։ Իսկ մի գուցե դա արվում է ինչ-որ բան թաքցնելու համա՞ր, այն բանի համար, որ հասարակությունը հարցեր չտա, թե առանձնատները, դղյակները որտեղի՞ց եք ձեռք բերել, հարցեր չտա, թե ինչու են շատացել մեկ անձից գնումներով գործարքները, բյուջեի հետ կապված շատ ու շատ խնդիրների մասին հարցեր չտա»,- ասաց Դերենիկ Մալխասյանը։
Նա հորդորեց այն մարդկանց, որոնք անկեղծորեն հավատում են Նիկոլ Փաշինյանին, նրան հարց տալ՝ «Բա, մի վարչապետ դու ես, մի վարչապետ էլ մենք ենք։ 18 միլիոն քեզ ես պարգևավճար գրել, մի 18 հազար դրամ էլ մեզ հատկացնեիր՝ հունվար ամիս է, դժվար ամիս է, Ամանոր է եղել, կոմունալ վճարներ և այլն։ 18 հազար դրամը ինչ-որ մի խնդիր կլուծեր»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































