Նորածինների, այդ թվում` անհաս նորածինների ուղեղը կյանքի առաջին ամիսներին ակտիվ զարգացման փուլում է։ Ուստի, կրծքով կերակրումը կարևոր է, հատկապես, մտավոր զարգացման և երկարաժամկետ ճանաչողական կարողությունների ձևավորման համար։
Մայրական կաթը բնության կողմից հարմարեցվում է անհաս նորածինների կարիքներին համապատասխան և պարունակում է կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք նպաստում են ուղեղի զարգացմանը։
Մայրական կաթը հարուստ է ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են՝
- ուղեղի բջիջների կառուցման,
- նեյրոնների միջև կապերի ձևավորման,
- նյարդային ազդակների փոխանցման բարելավման համար։
Այս ամենը նպաստում են ուղեղի բնական աճին և նեյրոնային համակարգի ճիշտ կազմակերպմանը։
Կարդացեք նաև
Հետազոտությունները վկայում են, որ կրծքի կաթով կերակրվող անհաս երեխաները խոսքի և մտածողության ավելի արագ զարգացում են ունենում, ավելի լավ հիշողություն և ուշադրություն, նաև ուսման բարձր կարողություններ են ցուցաբերում` մայրական կաթով չսնվածների համեմատությամբ:
Կրծքի կաթի կենսաբանական բաղադրիչները, մասնավորապես DHA-ն, տաուրինը և վիտամին A-ն, էական նշանակություն ունեն անհաս նորածինների ցանցաթաղանթի հասունացման և տեսողության զարգացման համար` բարելավելով սրությունը, նվազեցնելով տեսողության զարգացման խանգարումների ռիսկը։
Մայրական կաթը նաև պաշտպանում է անհաս նորածինների նյարդային համակարգը: Հակաբորբոքային և պաշտպանիչ բաղադրիչները նվազեցնում են հիպօքսիկ վնասման ռիսկը, նյարդաբանական բարդությունների առաջացումը։
Կրծքով կերակրումը, հատկապես մաշկ-մաշկ շփման (կենգուրու խնամք) հետ համատեղ, նպաստում է՝
- սթրեսի հորմոնների նվազմանը,
- սրտի և շնչառության կայունացմանը,
- երեխայի հուզական և նյարդային հավասարակշռությանը։
Թեև կրծքի կաթը բազում օգուտներ ունի անհաս նորածնի համար, ցավոք միշտ չէ, որ կրծքի կաթով սնուցումը հնարավոր է` թե բժշկական, թե ֆիզիոլոգիական առումով։
ՀՀ առողջապահության նախարարություն


















































