«Որեւէ մեկը՝ այդ թվում՝ Դաշնակցությունը, միայնակ չեն կարող հաջողել իշխանափոխություն իրականացնելու հարցում։ Եվ այս ընտրությունները մենք հենց այդ տրամաբանությամբ պետք է դիտենք։ Այսինքն՝ այս ընտրությունները պետք է վերածվեն իշխանափոխության գործընթացի»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Եթե ընդդիմադիր որեւէ ուժ շեմը հաղթահարի, բայց ընդդիմությունը չհաղթի, Ռուստամյանի խոսքով, ունենալու ենք այն իրավիճակը, որը հիմա ունենք։ «Ուրեմն, եթե ուզում ենք հաջողել, ոչ միայն մեր հաջողության մասին պետք է մտածենք, այլ նաեւ ընդդիմության ընդհանուր հաջողության մասին։ Եվ ես կարծում եմ, որ պետք է այս ամենը հասկացող եւ ընկալող ընդդիմադիր խոշոր մի քանի միավորների ճակատ ձեւավորվի։ Եվ ժողովրդին պետք է մղել, որ գնան ընտրության ու ընտրություն կատարեն ընդդիմության միջեւ։ Ընդդիմության հիմնական խնդիրը պասիվ ընտրազանգվածին ակտիվացնելն է, իսկ դա չի կարող մեկ ուժ կատարել, դա պետք է կատարեն մի քանի ուժեր։ Սա է խնդիրը, եւ ես կարծում եմ, որ մենք այսօր երեք-չորս այդպիսի ուժեր ունենք»,- ասաց նա։
Ռուստամյանը նշեց, որ հիմա բոլորի հետ բանակցում են՝ ընդդիմադիր լայն ճակատ ձեւավորելու հարցով։ Պետք է պահպանվի այն սկզբունքը, որ մեկի հաջողությունը պայմանավորված է մյուսների հաջողությամբ։ «Ով այս նպատակին դեմ չէ՝ կանխելու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, մենք պետք է համարենք, որ իրենք մեր զինակիցն են, մեզ հետ են։ Եվ այդ ձեւով պետք է ընդլայնվի այն դաշտը, որը կարող է ակտիվացնել այս իշխանությունների հակազանգվածը։ Այս հակազանգվածը շատ մեծ զանգված է, իրենք էլ լավ գիտեն, տեսել են իրենց վարկանիշները։ Այս անգամ ընդդիմությունը պետք է մի կողմ դնի իր անձնական ամբիցիաները եւ մտածի ընդհանուր ընդդիմության հաջողության մասին»,- նշեց նա։
Ռուստամյանի խոսքով՝ շատ հավանական է միասնական ընդդիմության հաղթանակը, դրանից են սարսափում իշխանությունները եւ ամեն ինչ անում, որ դա տեղի չունենա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով իշխանական պատգամավորների այն հայտարարություններին, թե հաջորդ խորհրդարանում «Հայաստան» խմբակցությունն այսպիսի թվով ներկայացված չի լինի, Ռուստամյանն ասաց․ «Իսկ Հայաստան կլինի՞, այս է հարցը։ Եթե ՔՊ եղավ, մենք ընդհանրապես քեմալական պայմանագիր կկնքենք եւ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ասոցացված մի տրիադա կկազմենք, տանդեմը կդառնա տրիադա»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային



















































Լավ է վերջապես հասկացաք, որ ձեզ միայնակ չի հաջողի, թե չէ գնացել եք հեղինակազրկված Քոչարյանի պոչն եք բռնել և ուզում եք նրա ուզած մի քանի մարդու պատգամավոր դարձնել։ Գաղափարախոսություն ունեցող, արժեքներ կրող և գիտակից ուժերի նախընտրական համախմբումը միայն ժողովրդին կփրկի նիկոլի բռնապետությունից։