Նախաձեռնությամբ առաջարկվում է ավելացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:
Զեկուցողի խոսքով ներկայումս Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի 8 անդամից 2-ն են ոչ դատավոր անդամ: «Դա մեր միջազգային գործընկերների դիտարկմամբ որոշակի ազդեցություն է ունենում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումների կայացման գործընթացում եւ ստեղծում է, այսպես կոչված, կորպորատիվիզմի դրսեւորումներ»,- ընդգծել է Տիգրան Դադունցը:
Ըստ փոխնախարարի՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ դատավորների կարգապահական վարույթների հարցերով հանձնաժողով ներկայացված հաղորդումները ոչ միշտ են հաջող ընթացք ունենում: 2024 թվականին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու շրջանակում հանձնաժողովին է ներկայացվել 583 դիմում, որոնցից 183 է հանձնաժողովը դիտարկել որպես հաղորդում, 9-ով հարուցել է կարգապահական վարույթ եւ 2-ով դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ: 2023 թվականին եւս արձանագրվել է համանման իրավիճակ. 652 դիմումից որպես հաղորդում դիտարկվել է 288-ը, 13-ով հարուցվել է կարգապահական վարույթ եւ միայն 1-ով է միջնորդություն ներկայացվել ԲԴԽ: Տիգրան Դադունցի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվում է ոչ դատավոր անդամների թիվը ավելացնել 3-ով: Այդ պարագայում հանձնաժողովը կունենա 6 դատավոր եւ 5 ոչ դատավոր անդամ:
Հաջորդ փոփոխությամբ կարգապահական վարույթ հարուցելիս կամ ԲԴԽ-ին միջնորդությամբ դիմելու հարցը լուծելիս ոչ դատավոր անդամների մասնակցությունն ավելի արդյունավետ եւ իրենց ձայնն ավելի որոշիչ դարձնելու համար առաջարկվում է նիստում քվորումի եւ նաեւ որոշումների կայացման հարաբերակցությունը փոփոխել: Մասնավորապես, վարույթ հարուցելու սկզբնական փուլում առաջարկվում է նախատեսել, որ որոշումը կարող է ընդունվել մեկ երրորդով, որպեսզի ոչ դատավոր անդամների ձայնն ավելի լսելի լինի, այսինքն՝ 7 անդամից 4-ով հնարավոր լինի որոշում կայացնել: Այնուհետեւ, երբ վարույթը հարուցվի, բոլոր հանգամանքները պարզվեն, այլ տեղեկություններ ձեռք բերվեն եւ արդեն ԲԴԽ դիմելու առումով որոշում կայացնելու պահը գա, արդեն ապահովվի անդամների թվի ձայների մեծամասնությամբ որոշման կայացումը:
Կարդացեք նաև
Մեկ այլ փոփոխությամբ վերանայվում են ոչ դատավոր անդամների թեկնածուներին ներկայացվող պահանջները, հստակեցվում են վարքագծի կանոնները:
Նախաձեռնությամբ նաեւ որոշակի սահմանափակումներ են մտցվում վերոնշյալ անդամների գործունեության հետ կապված՝ բացառելու շահերի բախման իրավիճակները: Առաջարկվում է սահմանափակել ոչ դատավոր անդամների պաշտոնավարման ժամանակահատվածում փաստաբանական գործունեություն իրականացնելը: Այդ մասով խախտումը լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսանալու:
Տիգրան Դադունցը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջարկվող փոփոխություններին, դատավոր ընտրելու կամ նշանակելու ընթացակարգերին: Փոխնախարարը նշել է, որ ոչ դատավոր անդամների ընտրությունն իրականացվում է բաց, թափանցիկ, մրցութային ընթացակարգով:
Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա կարեւորել է նախաձեռնությունը եւ հորդորել կողմ քվեարկել:
Օրինագծերի փաթեթը քննարկվել է հունվարի 20-ի ԱԺ նիստում:
ԱԺ


















































