Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչականի ու դատախազության անգործության հետեւանքով է, որ չեն կանխել նման կայքերը, որոնք այսօր էլի աճում են ու էլի նույն մարդիկ են». Տուժած քաղաքացի

Հունվար 20,2026 14:34

 Կիբերհանցագործությունների արդյունքում իրականացվող խարդախություններից տուժած քաղաքացիներն այսօր հերթական բողոքի ցույցն էին անում Քննչական կոմիտեի առջեւ։ Նրանք պահանջում են, որ պատկան իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն, հայտնաբերեն զեղծարարներին, պատժեն նրանց՝ հետագա զեղծարարությունները կանխելու համար եւ իրենց կորցրած գումարները վերադարձնեն։

Տուժած քաղաքացիները դեռ անցած տարվա վերջին հանդիպել էին ՔԿ պաշտոնյայի հետ, խոստում ստացել, որ իրենց հարցով կզբաղվեն, սակայն կոնկրետ ժամկետներ չէին նշվել։

«Քաղաքացիներին խաբել են ու մարդիկ գումարներ են կորցրել։ Ուզում ենք, որ քննչականը կամ դատախազությունը վերականգնի արդարությունը եւ մարդկանց գումարները վերադարձնի»,-լրատվամիջոցներին ասաց տուժող քաղաքացիներից մեկը, որ խարդախության արդյունքում կորցրել է 400 000 դրամ։ «Քննչականից որոշ քաղաքացիների ասել են, թե կվերադարձնեն գումարները։ Բայց թե երբ, չգիտենք։ Հիմա այդ պահանջով ենք եկել, որպեսզի իմանանք, թե գումարների վերադարձը երբ կլինի։

Մարդկանց ներկայացրել են, որ ներդրումային ծրագիր է ու մարդիկ հավատացել են։ Տարբեր մարզերում, Երեւանում՝ սուպերմարկետներում, խանութներում, վարսավիրանոցներում, տարբեր այլ տեղերում եղել են գովազդային վահանակներ, պաստառներ։ Եղել են կոնֆերանսներ, գրասենյակներ, աշխատողներ են եղել; Դրա հետ կապված նյութեր կան, որոնք մենք կրիչով ներկայացրել ենք Քննչական կոմիտեին եւ դատախազությանը՝ մոտ 200 նկար ու տեսանյութեր։ Ու հիմա շատ հետաքրքիր է, թե քննչականն ու դատախազությունը արդյոք այդ մարդկանց հրավիրե՞լ են հարցաքննության, կամ եթե կան հարցաքննություններ, ո՞ր փուլում են դրանք գտնվում։ Թող հանցագործներից վերցնեն մեր գումարներն ու վերադարձնեն մեզ։ Եթե չեն կարողանում գտնել հանցագործներին, քննչականի ու դատախազության անգործության հետեւանքով է, որ չեն կանխել նման կայքերը, որոնք այսօր էլի աճում են ու էլի նույն մարդիկ են։ Տեսանյութ կա, որ մարդն ասում է, թե ծրագիրն իրենք են բերել, պայմանագիր իրենք են կնքել, $ 30 միլիոն ներդրում իրենք են արել ու այդ ծրագիրն ապահով է։ Այսինքն, մի մեծ թիմ է աշխատել։ Եվ ինձ հետաքրքիր է, թե քննչականը ինչ գործողություններ է արել։ Մարդկանց դեմքեր կան, մեքենաների համարներ կան։ Թող գտնեն»,-շարունակեց տուժած քաղաքացին։

Մեկ ուրիշ քաղաքացի 26 միլիոն դրամ է կորցրել։ «Տասն օրվա ընթացքում շատ խելացի ձեւով տարան։ Իսկ մեր հարգարժան իրավապահ մարմիններն այսօր ինձ ամոթանք տալով իրենցից հեռացնում են, թեեւ ես ամեն ինչ իրենց ներկայացրել եմ։ Նույնիսկ գտել եմ այն մարդկանց, որոնք Հայաստանում այդ գործով զբաղվում են»,-ասաց նա։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031