Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում․ ԿԲ

Հունվար 20,2026 17:37
dram

2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։

2017 թ. հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:

Ներկայումս 2-րդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածն ունի բարձր ֆիզիկական մաշվածություն, և շրջանառության մեջ գտնվող 1000 դրամ, 5000 դրամ, 10.000 դրամ և 20.000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են 3-րդ սերնդի թղթադրամները (Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի, Հովհաննես Այվազովսկու դիմապատկերներով), իսկ 1999 թվականի թողարկման 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով) շրջանառության մեջ հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված 2-րդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառությունից։

Նշված որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.

1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)

1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)

1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)

2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)

1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)

Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց, իսկ 2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031