«Այս ամբիոնից հնչած՝ հանրությանը մոլորեցնող, զրպարտչական և Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկող բազմաթիվ հայտարարություններ դրդում են մեկ անգամ ևս անդրադառնալ նախագծին և քաղաքական մեծամասնության իրական նպատակադրմանը:
Նախ՝ արձանագրենք, որ նախագիծը չի համապատասխանում օրինաստեղծ գործունեության տարրական պահանջներին: Ի սկզբանե այն մեռելածին է և հետապնդում է սոսկ քաղաքական-քարոզչական նպատակ՝ հետևյալ հիմնավորումներով»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով այսօր առաջին ընթերցմամբ ընդունված ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին։
«Մասնավորապես, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկն իրավասու չէ փոփոխել՝ անկախ վերջինիս սեփականության ձևից, ուստի օտարվելու դեպքում, շարունակելու է պահպանվել նույն իրավական ռեժիմը: Հետևաբար, անիմաստ է և երևակայական այն մտահոգությունը, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կարող են օտարումից հետո օգտագործվել «ոչ հանրօգուտ և իր բուն նշանակությանը տարբերվող նպատակով»։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երբևէ չի օտարել և չի էլ պատրաստվում օտարել պատմության և մշակույթի որևէ անշարժ հուշարձան, ուստի օրինագիծը իմաստազուրկ է նաև այս առումով: Ցանկացած օրենքի նախագիծը պետք է հետապնդի ոչ թե ապրիորի, ենթադրյալ կամ դավադրապաշտական թեզեր, այլ՝ կոնկրետ հանրային պատվեր»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ օրինագծի վերաբերյալ այս ամբիոնից հնչած բազմաթիվ դատողությունները և այսպես կոչված հիմնավորումները կամ դիտավորությամբ խեղված են կամ չունեն նվազագույն գիտելիքային հենք: Դրանց բուն ուղղվածությունը ԱԺ ամբիոնից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին վարկաբեկելն է, հանրության մոտ հակաեկեղեցական տրամադրություններ ձևավորել:
«Նախանձելի խիզախությամբ այս բարձր ամբիոնից կասկածի տակ է դրվում Հայ Առաքելական եկեղեցու կրոնական կազմակերպություն լինելն ու պետությունից անջատ լինելու Սահմանադրական նորմը: Նույն ջանասիրությամբ այս ամբիոնից ոտնահարվում է մեկ այլ իրավական նորմ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարումը։ Կրկնում եմ՝ գուցե անպատասխանատու հայտարարություններից առաջ ուսումնասիրեիք, որ մասունքների ընծայաբերումը միջեկեղեցական դարավոր ավանդույթ է։ Եթե ականատեսը չլինեինք եկեղեցու և մեր ինքնության դեմ վարչախմբի սևեռուն հալածանքներին, կարելի էր մտածել, թե նախաձեռնությունը բխում է հուշարձանների պահպանության լավագույն շահից։
Կարդացեք նաև
Իրականում այն սովորական հայտ է՝ մաս կազմելու հակաեկեղեցական արշավ-հալածանքին:
Եվ, այնուամենայնիվ հիշենք, որ հայ եկեղեցու, նրա ժառանգության պահպանության դիրքերից է հանդես գալիս քաղաքական մի ուժ, որի իշխանության օրոք թշնամուն թողնվեցին վանական համալիրներ, 1500 եկեղեցի, պաշտոնապես գրանցված շուրջ 20 000 առանձնակի արժեքավոր մշակութային արժեքներ»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































