Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ ասելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կոչ է արել դիտարկել Հայաստանի միացումը Ռուսաստան-Բելառուս դաշինքին։
«Կալանավորել քաղաքական հայացքների արտահայտման համար, այն հայացքների, որոնք ոչ մի ձևով ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, այլ ուղղված են Հայաստանի արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանն ու զարգացմանը՝ սեփական շահերից ելնելով, անխոս լուրջ մտահոգություն է առաջացրել»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։
Նկատենք, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՌԴ արտաքին գործերի նախարարի ակնարկած քրեական հետապնդումը վերջերս է դադարեցվել։
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրել էր նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշվել է դադարեցնել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հետապնդումը՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։
Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությանն անդրադարձել է նաև fip.am-ը՝ «Փաստերի ստուգման հարթակը»՝ հիշեցնելով, որ Գյումրու քաղաքապետը իրականում կալանավորվել է «կաշառքի գործով»։
«Հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը տեղեկացրել էին, որ մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ քաղաքացու կողմից Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցված շուրջ 1500 քմ ինքնակամ շինությունը ենթակա է եղել քանդման։ Ըստ մեղադրանքի՝ համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը խոստացել են չձեռնարկել քանդման միջոցներ, կազմել կեղծ փաստաթղթեր և օրինականացնել շինությունը՝ դրա դիմաց պահանջելով 4 միլիոն դրամ կաշառք։ Վարույթի շրջանակում հրապարակվել էին նաև ձայնագրություններ, որտեղ Վարդան Ղուկասյանը խոսում է գումարների մասին»,- հիշեցրել է «Փաստերի ստուգման հարթակը»։
Նշենք, սակայն, որ Վարդան Ղուկասյանի՝ միութենական կազմում մտնելու մասին արտահայտած կարծիքը տևական ժամանակ մեծ աղմուկ էր առաջացրել՝ ընդհուպ այն աստիճան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտեն քաղաքական ու հանրային դաշտից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































