Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն Գերագույն Հոգևոր և եպիսկոպոսաց ժողովները, այլև՝ Ազգային–Եկեղեցական ժողովը նույնպես կարելի է հրավիրել աշխարհի ցանկացած քաղաքում կամ նույնիսկ գյուղում. Գենադի Մնացականյան

Հունվար 20,2026 22:30

Ինչպես հայտնի է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը օրերս հայտարարություն տարածեց, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողով է հրավիրել, որը Տիրոջ կամքով տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։

Այս հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, միանշանակորեն չընդունվեց իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից։ Թեև Մայր Աթոռի տարբեր պաշտոնյաների կողմից բավականին լուրջ հիմնավորումներով բացատրություններ տրվեցին, միևնույն է, հակաեկեղեցական արշավի ակտիվիստները շարունակում են Հայաստանից դուրս եպիսկոպոսաց ժողովը գումարելու մեջ գոյություն չունեցող ինչ-որ ոչ կանոնական էլեմենտներ փնտրել։

Քանի որ այդ մարդիկ ավելի շատ կառչած են երկրին ու երկրային գրված օրենքներին, ինչը շատ բնական է, ուստի իրենց համար շատ դժվար է ընկալել հոգևոր հայրերի բացատրությունները։ Փորձեմ մի պարզ օրինակով բացատրեմ, գուցե ավելի ընկալելի լինի նրանց համար։

Հայաստանի կառավարությունը իրավունք չունի՞ կառավարական նիստ գումարել, օրինակ, Ծաղկաձորում, Դիլիջանում կամ ՀՀ կառավարության քաղաքական իշխանության ենթակայությամբ գտնվող ՀՀ որևէ քաղաքում կամ գյուղում, կարծում եմ կարող է, և այդպիսի նիստերը հավասարապես օրինական կլինեն, որքան այն նիստերը, որոնք գումարվում են մայրաքաղաք Երևանում գտնվող կառավարության շենքում։

Եկեղեցու պարագայում, իհարկե, պատմականորեն մեծ մասամբ նպատակահարմար է եղել ժողովները գումարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որովհետև սփյուռքում իրենց ծառայությունը հավատարմորեն իրականացնող հոգևոր հայրերի համար ամեն մի այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հոգևոր ցնծություն պատճառող առիթ է եղել Իջման Սուրբ Սեղանի առջև իրենց ուխտը վերանորոգելու համար։

Անշուշտ, հավատավոր ժողովրդի համար նույնպես հոգևոր մխիթարություն կլիներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել Հայ Եկեղեցու բոլոր ուխտապահ սրբազան հայրերին, սակայն գաղտնիք չէ, որ սփյուռքում ծառայող մեր սրբազան հայրերից ոմանք արդարացի մտավախություններ կարող են ունենալ Հայաստան գալու համար, նկատի ունենալով ՀՀ իշխանությունների կողմից նրանց հասցեին հնչող բացահայտ մեղադրանքներն ու, ընդհանրապես, այն գարշ մթնոլորտը, որը ստեղծել են ՀՀ իշխանությունները Եկեղեցի–Պետություն հարաբերություններում։

Վերջում ավելացնեմ նաև, որ ո՛չ միայն Գերագույն Հոգևոր և եպիսկոպոսաց ժողովները, այլև, հարկ եղած դեպքում, Ազգային–Եկեղեցական ժողովը նույնպես կարելի է հրավիրել աշխարհի ցանկացած քաղաքում կամ նույնիսկ գյուղում, որտեղ տարածվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու նրա ազգընտիր Գահակալի հոգևոր իշխանությունը և որտեղ երաշխավորված կլինի ժողովականների կամ պատգամավորների անվտանգությունը։

 

Գենադի Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031