Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության առաջնահերթությունները

Հունվար 21,2026 13:30

Հին վերքերը չփորփրել, իրար չվարկաբեկել, ձայներ չփոշիացնել

«Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկները քամում եք եւ ուղտերը կուլ եք տալիս» (Մատթ.23:24): Տիրոջ այս խոսքն այն մասին է, որ մենք հաճախ սխալ ենք դասավորում մեր առաջնահերթությունները: Քաղաքական ուժերը՝ նույնպես:

Տեսականորեն ես կողմ կլինեի, որ մեր քաղաքացիներն ընտրություն կատարեն ազատական, պահպանողական եւ մեր երեք ավանդական կուսակցությունների մեջ, ինչպես որ դա առաջարկում է քաղաքագետ Արսեն Գասպարյանը: Եթե Հայաստանում քիչ թե շատ կայուն վիճակ լիներ, ես էլ հաճույքով ձայն կտայի պահպանողական (իհարկե՝ ժամանակակից, առաջադեմ պահպանողական) կուսակցությանը: Ի դեպ, իմ ուզած պահպանողականներն այժմ Հայաստանի քաղաքական դաշտում չկան:

Բայց իմ այդ երազանքն այսօրվա մասին չէ, դա ապագա «խաղաղ» կյանքի տեսլական է: Իսկ հիմա «պատերազմ» է: Դրսից մարտական գործողությունների հավանականությունը մոտակա ամիսների ընթացքում մեծ չէ՝ մեր պետականության հակառակորդներին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին, առայժմ բավարարում է մեր դեմ կիրառվող «փափուկ ուժը»: Իսկ երկրի ներսում «պատերազմ» է, որի «հեղինակը» եւ պարբերաբար թեժացնողը Փաշինյանն է՝ իր թիմով: Նա մշտապես մոբիլիզացնում է իր (իմ կարծիքով՝ փոքրացող) ընտրազանգվածը, ինչպես նաեւ ուժային եւ իրավապահ կառույցները՝ «նախկինների», «ներքին թշնամիների», «օտար գործակալների», իր չհավանած հոգեւորականների եւ այլ «ոչ յուրայինների» դեմ պայքարի համար: Ըստ էության՝ Փաշինյանը պայքար է մղում պետականության, սահմանադրական կարգի դեմ՝ իրեն թույլ տալով իրավական «բեսպրեդել» եւ կամայականություններ, որոնց մասշտաբը եւ լկտիությունը հիրավի «աննախադեպ» են Երրորդ հանրապետության պատմության մեջ:

Այս՝ ծայրահեղ վտանգավոր, պետականության համար սպառնալիք ներկայացնող վիճակում գաղափարական տարաձայնությունների կամ անձնական ինչ-ինչ հին ու նոր հաշիվների մասին խոսելը նշանակում է «քամել մժղուկներին»: Կա՛մ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն գիտակցում, թե ինչ է մեզ սպասվում, եթե Փաշինյանը մնա իշխանության, կա՛մ գիտակցում են, բայց նրանց առաջնահերթություններն այլ  են:

Եթե ընդդիմադիրներն իսկապես ցանկանում են մեր պետությունն ազատել Փաշինյանից, ապա նրանք պետք է այս ամիսներին ամեն ինչ անեն, որպեսզի առաջիկա ընտրություններում չփոշիացնեն ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: Դա նշանակում է չինքնահաստատվել ընդդիմադիր գործընկերների հաշվին, իրար չվարկաբեկել եւ իրարից ձայն փախցնել: Եթե զգում են կամ ուսումնասիրության արդյունքում եկել են եզրակացության, որ իրենց եւ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի ընտրազանգվածի սեգմենտը մոտավորապես նույնն է, ապա պետք չի այդ սեգմենտն իրարից խլխլել, հակառակը՝ պետք է միավորվել, դաշինք ստեղծել: Եթե ընտրազանգվածն ակնհայտորեն տարբեր է (օրինակ, ԱԺԲ-ի եւ ՀՀԿ-ի. հատուկ սոցիոլոգիական տվյալներ չունեմ, պարզապես ենթադրում եմ), ապա պետք չէ մինչեւ ընտրությունները փորփրել հին վերքերը եւ հնարավորինս պահպանել կոռեկտությունը: Եթե զգում են կամ տեղեկություն ունեն, որ իրենց կուսակցությունը 4 տոկոսանոց շեմը չի հաղթահարի, պետք չէ ձեւեր թափել, որ կանցնի՝ թող միավորվեն իրենց նախընտրած «անցողիկ» կուսակցության հետ:

Չեմ կարծում, որ իմ այս ասածներն ինչ-որ քաղտեխնոլոգիական բացահայտումներ են՝ քիչ թե շատ փորձառու եւ բանական մարդու համար այդ ամենը պարզ է: Բայց մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մոտ, բացի ամեն ինչից, առկա է էմոցիոնալ ֆոնը. «ես սրանից զզվում եմ», «ես նրա ձեռքը չեմ կարող սեղմել» եւ այլն: Քաղաքական տեսանկյունից դա մանկապարտեզ է: Օրինակ, ես կարող եմ ինչ-որ մեկից զզվել, քաղաքական գործիչը դրա իրավունքը չունի:

Ամենաշատը ՔՊ-ականներին անհանգստացնում են ընդդիմադիր ուժերի խորհրդակցությունները: Տեսա՞ք, թե ինչպես նրանք արձագանքեցին ՀՅԴ-ՀԱԿ հանդիպմանը: Կարծում եմ՝ ընդդիմադիր կուսակցությունների նման շփումները պետք է ակտիվացնել եւ հնարավորության դեպքում դրա մասին հայտարարեն:

Ի դեպ, լրագրող գործընկերներս, հավանաբար, ինչ-որ իներցիայով, շարունակում են ՀԱԿ-ը ներկայացնել Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմքով: Մինչդեռ Կոնգրեսի առաջին դեմքն սպասվող ընտրություններում Լեւոն Զուրաբյանն է: Նա՛ է այդ կուսակցությունից վարչապետի թեկնածուն:

 Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այո, նիկոլի բռնապետությունից ազատվելու միակ հնարավորությունը
    1) առաջիկա ընտրություններում ընդդիմադիր ուժերի համախմբումը և հզոր ընդդիմադիր դաշինքի ստեղծումը կլինի (որից նիկոլն ուղղակի սարսափում է),
    2) ընտրություններին ընտրողների շատ մեծ տոկոսով մասնակցությունը (որից սարսափում են նիկոլն ու մեր արտաքին թշնամիները և շուտով գործի կդնեն իրենց մեդիա-սազանդարներին ընտրությունները բոյկոտելու “երգեր”-ով մեդիա դաշտը ողողելու համար):

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031