Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիայում սադրանք կազմակերպելն ավելի դժվար կլինի

Հունվար 21,2026 10:00

Ամենայն հայոց կաթողիկոսը հրավիրել է ՀԱԵ եպիսկոպոսաց ժողով Ավստրիայում: Որքան հասկանում եմ՝ Վեհափառը ցանկանում է խուսափել իրավիճակի հետագա լարումից ու հնարավոր բախումներից: Մինչդեռ Փաշինյանի նպատակը ճիշտ հակառակն է. ոչ միայն այս, այլ բոլոր մնացած քաղաքական հարցերում բորբոքել թշնամության, ատելության եւ հակառակության մթնոլորտը:

Դա հաշվի առնելով՝ Գարեգին Երկրորդի որոշումը ճիշտ է: Եթե եպիսկոպոսաց ժողովն անցկացվեր Էջմիածնում, ապա Փաշինյանն այդ օրերին այնտեղ կուղարկեր քաղաքացիական հագուստով ԱԱԾ-ականներին, սադրիչների, տեղական հեղինակություններին ենթարկվող թաղի խուժանին, քաղաքապետարանների, մարզպետարանների եւ այլ պետական հիմնարկների աշխատակիցներին՝ Մայր աթոռում խժդժություններ հրահրելու համար: Հնարավոր էին բռնություններ հոգեւորականների եւ հավատացյալների հանդեպ:

Ինչո՞ւ եմ ես դրանում վստահ: Որովհետեւ վերջին ամիսներին եկեղեցին, որպես ինստիտուտ, որպես նվիրապետական (հիերարխիկ) կառույց՝ ենթարկվում է իրենց վայրագությամբ աննախադեպ հարձակումների իշխանությունների կողմից: Դրա մասին շատ է գրվել: Բացի վարչական, ուժային, դատական ճնշումներից, ապօրինություններ են գործվում նաեւ, այսպես ասած, «հողի վրա»:

Թվարկեմ մի քանի հայտնի դեպք: Դեկտեմբերի 18-ին նիկոլական խուժանը տիրադավ եպիսկոպոսների գլխավորությամբ եւ ոստիկանության օգնությամբ ներխուժել էր Մայր Տաճար: Դեկտեմբերի 25-ին Գառնիում փաշինյանական «պատարագի» ժամանակ համայնքապետարանի աշխատակիցը կաթողիկոսին «քարով սատկացնելու» կոչ էր արել: Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի եւ նրա ենթակաների կողմից: Այդ գործողությունները, բնականաբար, չեն արժանացել իրավապահների ուշադրությանը, որովհետեւ իշխանությունը ոչ միայն խրախուսում է, այլ կազմակերպում է այդ ակնհայտ ապօրինությունները:

Այս պայմաններում Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով հրավիրելը չափազանց ռիսկային կլիներ: Իսկ Ավստրիայի իրավապահներն ու դատարանները Փաշինյանի գրպանում չեն, նրանք, ենթադրում եմ, թույլ չեն տա իշխանական «դեսանտին», եթե նույնիսկ այդպիսին ուղարկվի, խժդժություններ կազմակերպել եւ կապահովեն ժողովի բնականոն ընթացքը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031