Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծում ենք «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը, հաջողության հասնելու դեպքում կստեղծենք 100-օրյա կառավարություն, կկազմակերպենք արտահերթ ընտրություններ. Միքայել Նահապետյան. «Հրապարակ»

Հունվար 21,2026 11:33

«Հրապարակը» զրուցել է «Բոլորին դեմ եմ» նախաձեռնության անդամ, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ:

– «Բոլորին դեմ եմ» անվանումը, ըստ էության, որոշակի շփոթություն է առաջացրել: Համացանցում որոշ օգտատերեր գրել էին, որ «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությանը միանալով, ըստ էության, մերժում են անխտիր բոլորին, ընտրությունների գաղափարին են դեմ արտահայտվում: Սակայն, իրականում, խոսքը նման անվանումով կուսակցության մասին է, որը մասնակցելու է ընտրություններին: Այսինքն, դուք ուզում եք բավարար քանակով ձայներ հավաքել, անցողիկ շեմը հաղթահարել եւ անցնել Ազգային ժողով: Բայց շատերը կարող են նաեւ մոլորության մեջ ընկնել: Ի դեպ, 90-ականների ընտրությունների քվեաթերթիկներում կար այդ տողը՝ «Բոլորին դեմ եմ», բայց հետո հանվեց դա: Սակայն այդ տողն այն մարդկանց համար էր, ովքեր չգիտեն՝ ում ձայն տան, բոլորին դեմ են, ըստ էության` մերժում են ընտրությունը եւ բոլորին։ Այժմ իրավիճակը լրիվ այլ է: Քվեարկելով «Բոլորին դեմ եմ»-ին՝ ընտրում են կոնկրետ ուժի:

– Քաղաքականության մեջ որեւիցե բան չի կարող շփոթմունք առաջացնել, հատկապես եթե այդ մասին խոսակցություններ են գնում: «Բոլորին դեմ եմ»-ը բոյկոտի կոչ չէ, հակառակը` ակտիվ մասնակցության, որպեսզի վարչական ռեսուրսով եւ այլ եղանակներով բերվող ձայները բարձր մասնակցության մեջ ունենան փոքր կշիռ, եւ ոչ ոք չկարողանա, իր ունեցած ռեսուրսներից օգտվելով, դառնալ թագավոր եւ միանձնյա իշխել Հայաստանը: Մենք ստեղծում ենք «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը, քանի որ առանց կուսակցության հնարավոր չէ ընտրություններին մասնակցել եւ բան փոխել: Հաջողության հասնելու դեպքում ստեղծելու ենք 100-օրյա կառավարություն, կկազմակերպենք նոր արտահերթ ընտրություններ, ինչից հետո կուսակցությունը կլուծարվի: Արդյունքում կստացվի, որ իշխող թիմը չի կարողանա պետական ռեսուրսներն օգտագործել իր վերարտադրման համար, եւ տեղի կունենա հավասար մրցապայքար` նոր կանոններով: Հայաստանում վերջապես մեկ անգամ կարող է տեղի ունենալ ընտրություն` առանց վարչական ռեսուրսի ու կողմնակալ մոտեցումների: Մեր առաջարկը սա է:

– Այսինքն` Փաշինյանին հնարավորություն եք տալու մասնակցել ընտրություններին, սակայն մեկ տարբերությամբ` առանց վարչական ռեսուրսի:

– Նիկոլ Փաշինյանը չի կազմակերպի այդ ընտրությունը, սակայն որեւէ կուսակցության առաջ արգելքներ դնելու ծրագրեր չունենք` ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր, միակ կուսակցությունը, որը չի մասնակցելու այդ արտահերթ ընտրություններին, «Բոլորին դեմ եմ»-ն է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031