«Հայաստանի Հանրապետության զարգացումը շատ կայուն եւ հաստատուն է, մեր բոլոր ֆինանսական ցուցանիշներն այդ կայունության տիրույթում են: Մենք ավելի քան երբեւէ վստահ ենք, որ մեր քայլերը տանում են դեպի ավելի մեծ զարգացումների, եւ մեր կարողությունները, գիտելիքները եւ մեր ունակությունները պետք է այսօր համապատասխանեցնենք այն ապագա զարգացումներին, որոնք տեսնում ենք, որոնք արդեն տեղի են ունենում եւ տեղի են ունենալու ապագայում»,-ամփոփիչ ասուլիսում ի թիվս այլնի՝ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ իր խոսքն ամփոփելով:
Լրագրողի հարցին՝ սուբվենցիոն ծրագրերն արդյոք ազատվո՞ւմ են եկամտահարկից, եթե պետության մասնակցությամբ են արվում, նախարարն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ որեւէ մեկին, որն ազատվում է եկամտային հարկից: Գիտեմ, որ որոշակի ծրագրեր ունենք ՏՏ ոլորտում, որտեղ եկամտային հարկի մի մասը փոխհատուցում ենք: Մեր հարկային քաղաքականության գործիքներից մեկն է, հետազոտական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին որոշակի հնարավորություն ենք տվել ավելի մեղմ հարկային ռեժիմում գործել կամ հետվերադարձի պայմաններում այս աշխատանքներն իրականացնել: Այնտեղ կան նաեւ որոշակի արտոնություններ եկամտահարկի հետ կապված: Եթե չեմ սխալվում 10 տոկոս է եկամտահարկն այն մարդկանց համար, որոնք զբաղվում են գիտահետազոտական աշխատանքներով»: Նրա ձեւակերպմամբ, նախկինում նման բան չի եղել:
Դառնալով 2026թ հիմնական ծրագրերին, Վահե Հովհաննիսյանն ասաց, որ բազմաթիվ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր կան, որոնք կամ շարունակվելու են, կամ մեկնարկելու են. «Օրինակ, Հյուսիս-Հարավի կտորի աշխատանքներն ենք իրականացնում, Քաջարան-Ագարակ հատվածում է ակտիվ շինարարություն եղել 2025թ եւ դա կշարունակվի 2026-ին, մեկնարկելու են Սիսիան-Քաջարան հատվածի աշխատանքները, այնտեղ հողի օտարումների հետ կապված աշխատանքներն են մեկնարկելու: Հույս ունեմ, որ նաեւ որոշակի շինարարական նախապատրաստական աշխատանքներ կլինեն»:
Հավելեց նաեւ, որ մի քանի միջազգային կարեւոր միջոցառում են ծրագրում իրականացնել այս տարի. «Դրանից մեկը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) անցկացումն է Երեւան քաղաքում, սպասում ենք 20000-ից ավել մասնակիցներ, ինչն աննախադեպ ծավալ է մեր պետության համար»:
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































