Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավալի է՝ մարդը 7-8 տարվա ընթացքում կարող է կորցնել կապը իր մասնագիտության հետ, դառնալ թշնամի նախկին գործընկերների հետ». Արմինե Օհանյան

Հունվար 21,2026 13:49

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր շարունակվել է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով դատական նիստը:

-Զարմանալիորեն այս նիստում եւս հայցվորի ներկայացուցիչը, գիտեք՝ հայցվորը Նիկոլ Փաշինյանն է, ով սիրում է հարցազրույցներ տալ թափանցիկ, ամբողջ օրը բրիֆինգներ, ճեպազրույցներ, ելույթներ եւ այլն, բայց նրա ներկայացուցիչը դատարանում դեմ է նիստի լուսաբանմանը, տեսաձայնագրմանը: Երկրորդ նիստում էլ առարկեց, դատարանը, բնականաբար, թույլ չտվեց տեսագրություն իրականացնել:

Մեր ներկայացուցիչը այս նիստում առաջարկեց մի քանի օր ժամանակ տալ, որ բացարկի միջնորդություն պատրաստի: Դատարանի պահվածքի հետ կապված ունենք որոշակի վերապահություններ ու առարկություններ: Բայց հայցվորի ներկայացուցիչը դեմ էր դրան: Պարզ է, որ շտապում են, արագ կերպով վճիռ ունենալ, ու վստահ են, որ այդ վճիռն իրենց օգտին է լինելու: Դատարանն էլ այնպես է իրեն պահում, որ կողմին այդպիսի ենթադրություններ անելու հնարավորություն տալիս է,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը:

Լուսանկարը՝ «Հրապարակի» ֆեյսբուքյան էջից

Նրա խոսքով՝ դատարանում ինքը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ այսքան տարիներ իրենք հարյուրավոր հայցեր են ունեցել, բայց երբեք ոչ մի հայցով դատաքննությունն այսքան հապճեպ, կարճ ու կողմնակալ չի եղել. «Հասկանալի է ՝ դատական համակարգն այնպես են կործանել, որ այդ համակարգի դիմադրողականությունն են վերացրել, պարզ է՝ երբ հայցվորը երկրի վարչապետն է, որն ասում է՝ ինչու կա՞ դատարան այս երկրում, որ իմ ասածը չանի, արդյունքն էլ այսպիսին պետք է լինի»:

Արմինե Օհանյանը անդրադարձավ նաեւ հայցի բովանդակությանը. «Մի մարդ, որն ամեն օր ստատուսներ է գրել, ամեն օր հարցադրումներ է արել, ամեն շաբաթ մի եկեղեցու դեմ արշավ է կազմակերպում, կեղծ պատարագներ է կազմակերպում, եկեղեցին պառակտել է, խառնակչություն է գցել ամբողջ երկրով մեկ, ինքը վրդովվել է մեր տասը տողանոց հոդվածից, որտեղ մենք համարժեք ձեւով իր հարցադրումները վերադարձրել ենք իրեն»: 

Օհանյանի համոզմամբ՝ ոչ ոք այս երկրում չի գիտակցում խոսքի ուժն այնքան, ինչքան Փաշինյանը. «Ոչ ոք այդքան չի գիտակցում, որ իր իշխանությունը կարող է խարխլվել, որ իշխանություն կարող է կորցնել միայն այն պատճառով, որ լրատվամիջոցները բացահայտում են այդ ամբողջ կեղծիքն ու խաբեությունը, իրենց հանցագործությունները ու հասարակությանը ներկայացնում են՝ ինչ է իրականում կատարվում երկրում… ցավալի է՝ մարդը 7-8 տարվա ընթացքում կարող է կորցնել կապը իր մասնագիտության հետ, դառնալ թշնամի նախկին գործընկերների հետ»:

Լուսանկարը՝ «Հրապարակի» ֆեյսբուքյան էջից

Արմինե Օհանյանը հիշեց, որ 20 տարի իր եւ Փաշինյանի միջեւ ընկերություն ու մտերմություն է եղել, բայց հիմա որպես լրատվամիջոցի ղեկավար է ինքը հանդես գալիս, Փաշինյանն էլ որպես պետության ղեկավար. «Որը բռնապետությունը դարձրել է իր գործելաոճը, նեղվում է բոլոր տեսակի քննադատություններից, փորձում է բոլորի բերանը փակել՝ մարդկանց նկատմամբ հետապնդումներ իրականացնելով ու օրենքներ փոխելով, որ կարողանա իր պաշտոնավարումը շարունակի»:

Օհանյանը նկատեց, որ եթե նույնիսկ դատարանն ամբողջությամբ բավարարի Փաշինյանի հայցը ու իրենց պարտավորեցնի մեկ միլիոն դրամի փոխհատուցումը, միեւնույնն է՝ դա չի կարող «Հրապարակից» մի մազ նույնիսկ պակասեցնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Արխիվային լուսանկարները նախահեղափոխական տարիներից, երբ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ի գործիչները դեռեւս գալիս էին շնորհավորելու «Հրապարակին»՝ լույսընծայման տարեդարձի կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031