2025 թ. աշնանը Մոսկվայում կայացել է համերգ՝ նվիրված դաշնակահարուհի, մանկավարժ, Հայկական ԽՍՀ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Մարիա Ղամբարյանի ծննդյան 100-ամյակին՝ հոբելյարի ներկայությամբ։
Ճանաչված դաշնակահարուհին համերգներով հաճախ է այցելել հայրենիք։ Վերջին անգամ նա Երևանում էր 2016-ին։ 90-ամյա դաշնակահարուհին մենահամերգով հանդես է եկել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ տիկին Ղամբարյանին շնորհվել է «Կոմիտաս» մեդալ։ Այդ ժամանակ նա մեզ հետ զրույցում հայտնեց հետևյալը. «Երբ փոքր էի, հայրս մշտապես ինձ հիշեցնում էր, որ Երևանն է իմ հայրենիքը։ Մանկուց տոգորված եմ եղել այդ գաղափարով։ Կյանքս այնպես դասավորվեց, որ մեկնեցի Մոսկվա, որն էլ դարձավ իմ երկրորդ հայրենիքը, բայց Երևանը երբեք չեմ մոռացել, պարբերաբար այցելել եմ։ Երբ Երևան էի գալիս, համբուրում էի քաղաքի պատերը և ասում՝ իմ Երևանը… Ես զգում եմ, որ սա է իմ հայրենիքը»։
Վերջերս էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տոնվեց մեր հայրենակցուհու ծննդյան 100-ամյակը։ Համերգ-երեկոյի կազմակերպիչն էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի տնօրեն Նորայր Նազարյանը Aravot.am-ին ասաց. «Տիկին Ղամբարյանի հոբելյանին նվիրված մոսկովյան համերգին ներկա դաշնակահարուհու հարազատները, ուսանողները, գործընկերները հույս են հայտնել, որ դաշնակահարուհու ծննդավայրում՝ Երևանում, նույնպես կկազմակերպվի նման միջոցառում։ Այս մասին մեզ հայտնել էր Մարիա Ղամբարյանի երիտասարդ գործընկեր, թավջութակահար Գլեբ Ստեպանովը, և, ինչպես ասում են, մենք իսկույն անցանք գործի։
Կարդացեք նաև
Դուք էլ ականատեսը եղաք, թե ինչ հիանալի համերգ տեղի ունեցավ թավջութակահարի և դաշնակահար Ալեքսեյ Ստարիկովի համագործակցության շնորհիվ։ Ասեմ նաև, որ երաժիշտները, ինչպես տեղեկացրել էին մեզ, ծրագրում ներառել են այնպիսի կոմպոզիտորների, որոնց արվեստը հոգեհարազատ է տիկին Ղամբարյանին, այդ թվում՝ Լիստի «Կամպանելլան», Բեթհովենի սոնատները և Չայկովսկու տարբեր ստեղծագործությունները»։
Համաձայնելով դիտարկմանը, թե ասում են՝ Մարիա Ղամբարյանի մասնագիտական ճանապարհի սկիզբը, թեև խոստումնալից է եղել, բայց լի խոչընդոտներով, մեր զրուցակիցը ներկայացրեց հետևյալ փոքրիկ դրվագը. «Երևանում պատանի դաշնակահարուհուն նկատում է Մոսկվայի Կենտրոնական երաժշտական դպրոցի ուսուցիչ Աբրամ Շացկեսը և պնդում, որ Մարիան տեղափոխվի Մոսկվա ու շարունակի ուսումն իր դասարանում։ Ավելի ուշ նա ապաստան է տալիս ուսանողուհուն և նրա մորը, իսկ երբ Մարիայի հորը՝ քիմիկոս, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Ղամբարյանին, ձերբակալում են, ընտանիքը մնում է անօգնական։ Հայրը 7 տարի անցկացնում է ճամբարներում, Մարիան էլ՝ հեռացվում բոլոր միջազգային մրցույթների լսումների ցուցակներից, ինչը կարելի է ենթադրել՝ բացասաբար է ազդում նրա կարիերայի վրա»։
Հավելենք, որ դաշնակահարուհին փայլուն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, ասպիրանտուրան՝ լեգենդար դաշնակահարներ, մանկավարժներ Կոնստանտին Իգումնովի և Հենրիխ Նեյհաուզի դասարանները։ Եվ միայն 1952 թվականից սկսել է հայտնվել Ռուսաստանի համերգային ազդագրերում, հետո, իհարկե, արտասահմանյան երկրներում։ Մարիա Ղամբարյանը դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում, 1960-ից՝ Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է։ Մի բան էլ՝ դաշնակահարուհին իրականացրել է Կոմիտասի ստեղծագործությունների փոխադրումներ կամերային անսամբլների համար, իր մենահամերգային ծրագրերում միշտ ներառել է Վարդապետի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Մարիա Ղամբարյանի հոբելյանին նվիրված երևանյան համերգից





















































