Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում քիչ հետո կորոշվեն Հայաստանի 2026 թվականի չեմպիոններն ու մրցանակակիրները։ Եզրափակիչ տուրում Aravot.am-ը զրուցել է գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ։
-Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններն այսօր ավարտվում են։ Ընթացքի մասին ի՞նչ կասեք։
Իրոք, ամեն բան կորոշվի այսօր, եզրափակիչ տուրից հետո։ Երկու առաջնություններն էլ անցել են շատ լարված պայքարում։ Առաջատարների մեջ ուժեղ պայքար է ընթացել։ Վերջին տուրից առաջ տղամարդկանց առաջնությունում երեք հոգի հավասար միավորներով բաժանում են առաջին տեղը, իսկ աղջիկների մեջ հավասար միավորներով հաղթողի կոչմանը հավակնում են երկու շախմատիստուհիներ։ Ինչ սպասում էինք առաջնությունների մեկնարկից առաջ՝ անզիջում պայքար, մեր ակնկալիքները արդարացան։
-Տղամարդկանց առաջնությունում գրոսմայստերի նորմա կար սահմանված։ Նորմա լրացնող կլինի՞։
Կարդացեք նաև
Այս պահի վիճակով դեռ նորմա չի լրացվել։ Պայքարի ավարտից հետո միայն հնարավոր կլինի պատասխան տալ, երբ կատարվեն վերջնական հաշվարկները։
-Աղջիկների առաջնության մասին ի՞նչ կասեք։
Այնտեղ ևս լարված պայքար է։ Անկեղծ ասած, ում սպասում էինք, որ կպայքարեն առաջին տեղի համար, մի քիչ հետ են ընկել։ Բայց մասնակիցները երիտասարդ ու արդեն փորձառու շախմատիստներ են։ Այսօր երկու հավակնորդ կա, բայց չի բացառվում, որ որոշ տարբերակներում երրորդ տեղում ընթացողն էլ միջամտի հաղթողի համար պայքարին։
-Աղջիկների առաջնությունում Նելլի Ջալալյանը զրո միավոր ունի։
Տղամարդկանց առաջնությունը հավասարազոր կազմ ունի։ Իսկ աղջիկների առաջնությունում դեռ մեկնարկի օրն եմ ասել, որ 80 %-ը նոր շախմատիստուհիներ են, որոնք առաջին անգամ են մասնակցում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը։
Նրանք այսպիսի մրցումների փորձ չունեն։ Որքան էլ նրանք իրար հետ հանդիպել են ուրիշ մրցաշարերում, Հայաստանի առաջնության ծանրությունն իր ազդեցությունը թողնում է նրանց վրա։
Գիտե՞ք, Նելլի Ջալալյանը, որ բոլոր պարտիաներում պարտվել է, կարող եմ ասել, որ պարտիաների մեծ մասում մինչև միջնախաղ միշտ ունեցել է առավելություն։ Թերևս փորձի պակասն ու լարվածությունն են պատճառը, որ Նելլին այդ պարտիաների վերջնամասում կտրուկ վատացրել է դիրքը։ Դա էլ է տրամաբանական։ Չմոռանանք, որ նրանք պատանի են և այս տարի նույնիսկ 16 տարեկանների մեջ են խաղալու։ Նրանք պատանեկան առաջնություններում խաղացած շախմատիստուհիներ են և մեր շախմատի ապագան իրենց միջից պետք է դուրս գա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































