Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի համաձայնել ինքնիշխան Հայաստանի գոյությանը, ինքնիշխանություններն ավարտված են, դա աղբ է». Պուտինի «գաղափարական ուղեղն» է ասում

Հունվար 22,2026 12:00

Սկիզբը՝ այստեղ։

«Մեզ մոտ իշխանության մեջ ադրբեջանամետ տարրերը լիքն են, այսպիսի աննորմալ իրավիճակ է։ Ադրբեջանն է մեր երկրում վարվելաձեւի չափանիշներ սահմանում, կադրային նշանակումներ ղեկավարում». մեկ այլ անկեղծ խոստովանություն ՌԴ-ից

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից ակնկալիքների մասով, կարծես, ամեն ինչ վաղուց արդեն պարզ է, եւ ամենեւին էլ տեղին չէ Հայաստանի բոլոր խնդիրները շարունակել պայմանավորել ու կապել Մոսկվայի վարած քաղաքականության հետ։ Ռուսաստանի իշխանությունները վարում են քաղաքականություն, որը ձեռնտու է իրենց, ինչպես բոլոր պետությունները։ Թեեւ այդ քաղաքականությունն այսօր Ռուսաստանում էլ տարբեր շրջանակներում հարցեր է առաջացնում, Ռուսաստանից էլ հաճախ հնչում են հարցեր, իսկ դա նշանակում է, որ ապագայում Ռուսաստանում էլ հնարավոր են դիրքորոշումների փոփոխություններ՝ իհարկե կախված տվյալ պահին այդ երկրում արձանագրված առաջնահերթություններից։

Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի հասցեին վերջերս հնչեցրած սպառնալից հայտարարությունից երկու օր անց պաշտոնական Երեւանը բողոքի նոտա հղեց Մոսկվային։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդավարի այն հայտարարությունը, թե Հայաստանում եւս՝ Ուկրաինայի օրինակով, պետք է սկսել հատուկ ռազմական գործողություն, որակել է որպես ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն։

«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսեւորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները», – հայտնել էր ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Սոլովյովն իր հեղինակային՝ «Սոլովյով Live» հաղորդաշարի ընթացքում խոսել էր ոչ միայն Հայաստանի, այլեւ Կենտրոնական Ասիայի մասին՝ նրա ձեւակերպմամբ՝ ռուսական ազդեցության գոտում հատուկ ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտության մասին։ «Եթե մեր ազգային անվտանգության համար մեզ անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ նույն պատճառներով չենք կարող հատուկ ռազմական գործողություն սկսել մեր ազդեցության գոտու այլ կետերում», – նշել էր նա։

Հունվարի 10-ին հեռարձակված հաղորդումը Հայաստանում չի սփռվել. հանրային մուլտիպլեքսով «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» եւ «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում դադարեցվել է դեռեւս երկու տարի առաջ։ Հայկական կողմը դա հիմնավորել էր այն հանգամանքով, որ Սոլովյովի հեղինակային հաղորդումները խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։

Ահա, իշխանական պատգամավորները իրենց վրդովմունքն էին հայտնում Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ, վերհիշեցին, որ դեռ 2013 թվականին Սոլովյովը Պատվո շքանշան է ստացել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։ Մեղադրում էին, թե «հաստատված խաղաղությունը Ռուսաստանին դուր չի գալիս» եւ այլն։

Իշխանական պատգամավորները, քննադատելով Կրեմլի քարոզչին, միեւնույն ժամանակ դժգոհում էին, թե ինչու ընդդիմության ներկայացուցիչները չեն դատապարտում Սոլովյովի հայտարարությունները։

Հայաստանի դեմ վարվող «հիբրիդային պատերազմների» մասին ազդարարմամբ իշխանությունները, իրականում, հարց չեն լուծում, այլ ընդհակառակը՝ էլ ավելի են կրքեր բորբոքում։ Մինչդեռ անհրաժեշտ են բացառապես գործողություններ, քայլեր՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ գործընկեր պետությունների հետ դիվանագիտական աշխատանքում, այսինքն՝ բողոքի նոտաներ եւ աշխատանք տվյալ երկրի իշխանությունների հետ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պարզ է, որ այդ երկրում քարոզչությամբ զբաղվող հանրահայտ դեմքերը հանդես են եկել եւ շարունակելու են հանդես գալ բացառապես տվյալ պահին այդ երկրի շահերին համահունչ։

Օրինակ, ռուս հասարակական գործիչ, փիլիսոփա, քաղաքագետ, Կրեմլի գաղափարաքարոզչական խորհրդատու Ալեքսանդր Դուգինն անցյալ շաբաթ «ИнфоЦелина»-ին հարցազրույց է տվել, որի ընթացքում բացեիբաց հայտարարել է, որ Հայաստանն անկախության իրավունք չունի։ Նա փաստացի լեգիտիմացրել եւ զարգացրել է Սոլովյովի՝ ավելի վաղ հնչեցրած թեզերը։ Պարզ է, որ սրանք պատահական խոսքեր չեն։ Այո, գրեթե նույնությամբ տարիներ առաջ ոչ հանրահայտ կայքերում տպագրված հոդվածների, հարցազրույցների ու թոք-շոուների միջոցով հանրային դաշտ էր ներմուծվում Ուկրաինայի դեմ պատերազմի գաղափարը, որն ի վերջո իրականացվեց։

Պե՞տք է անտեսել այս ազդակները։ Ո՛չ։ Դա կնշանակի գիտակցաբար աչք փակել նոր իրողությունների վրա։ Բայց այդպիսի ազդակները չպետք է անտեսել նաեւ այն դեպքում, երբ դրանք գալիս են տարբեր պետություններից, օրինակ՝ Ադրբեջանից, որտեղ ոչ հայատյացությունն է վերացել, ոչ էլ այդ քաղաքականությունը դադարել է պետական քաղաքականություն լինելուց։

Ահա թե ինչ է ասում Դուգինը. «Ամեն ինչ արագ փոխվում է։ Սակայն մեր նպատակն է այս եռաբեւեռ աշխարհում դառնալ իշխանության-ազդեցության կարեւոր կենտրոն՝ ինքնիշխան, ազատ, անկախ, գերհզոր։ Բոլոր տարածքները, որոնք մեր վերահսկողության ներքո չենք առնում, չեզոք չեն մնալու, խելոք, հանդարտ Շվեյցարիա չեն դառնալու, նրանք դառնալու են այլ բեւեռների ֆորպոստներ, նախեւառաջ՝ հակամարտող ԱՄՆ-ի բեւեռինը։ Հետեւաբար չի կարելի համաձայնել ինքնիշխան Հայաստանի գոյությանը, կամ ինքնիշխան Վրաստանի, ինքնիշխան Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի գոյությանը։ Որեւէ ինքնիշխանություն այս նոր մոդելում գոյություն ունենալ չի կարող։ Նրանք կամ մեր ճամբարում են՝ որպես մեր միասնական միության մաս, կամ Արեւմուտքի, ԵՄ-ի, կամ ԱՄՆ-ի, կամ Չինաստանի համար պլացդարմ կդառնան։ Այսինքն՝ վերջ, ինքնիշխանություններն ավարտված են, ազգային պետությունները մնացել են անցյալում, դա աղբ է… Ահա թե ինչպես է մեկնարկում 2026 թվականն իմ պատկերացմամբ։ Իսկ մենք հիմա պատերազմների, միջուկային պատերազմի աղետի սահմանագծին ենք, եւ ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված… 2026 թվականն իսկապես դարձել է նոր, եւ Թրամփն արդեն իսկ ապացուցել է, որ շատ բաներ, որոնք նախկինում գոյություն ունեին, հիմա այլեւս գոյություն չունեն։ Այն, ինչ կար 2025-ին, արդեն վերացել է 2026-ին»։

Սա ասում է Դուգինը, իսկ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «գաղափարական ուղեղն» է համարվում՝ գլխավոր խոսափողներից ու քարոզիչներից մեկը։

Իսկ ահա հայտնի ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովի պատկերացումները փոքր-ինչ այլ են։ Նա օրերս Ռուսաստանի իշխանական վերնախավի մասին ուշագրավ դիտարկումներով է հանդես եկել։

Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերին, մինչ ռուսաստանյան լրատվականները Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում էին՝ ապահովելով «չեզոքություն», իսկ ռուսաստանցի փորձագետները խորհրդավոր լռություն էին պահպանում, միայն Միխայիլ Ալեքսանդրովն էր, որ համարձակվել էր հանդես գալ փոքր-ինչ տարբերվող կարծիքով։ Սակայն նրա ելույթը Մոսկվայում շատերին դուր չէր եկել, եւ МГИМО-ն՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, Ալեքսանդրովին ազատեց աշխատանքից։

Ահա օրեր առաջ RusArmInfo-ին տված հարցազրույցում Միխայիլ Ալեքսանդրովը նշել է. «Ռուսաստանին անհրաժեշտ է հրաժարվել Գորբաչովյան ժամանակաշրջանի՝ այլ պետությունների ներքին գործերին խառնվելու հիմար քաղաքականությունից, հատկապես հարեւան այն երկրներում, որտեղ խաղասեղանին են դրված մեր անվտանգությունը, մեր անվտանգության սպառնալիքները, ինչպես եղավ Ուկրաինայում, բալթյան երկրներում, երբ ՆԱՏՕ-ն ընդլայնվեց։ Հիմա էլ, այսպես կոչված, Թրամփի միջանցքն է ստեղծվում։ Միակ մեղադրանքը, որի հետ համաձայն չեմ, այն է, թե Հայաստանն է գլխավոր նյարդայնացնող ուժը։ Անդրկովկասում Ռուսաստանի նկատմամբ ամբողջությամբ հասցված վնասը գալիս է Ադրբեջանից։ Հենց Ադրբեջանն է ստեղծել այդ իրավիճակը՝ խախտելով եռակողմ համաձայնագիրը, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տեղահանեց՝ ամբողջությամբ խախտելով այդ եռակողմ համաձայնագիրը, այդ թվում այն կետը, ըստ որի՝ Սյունիքով անցնող երթուղին պետք է վերահսկվի ՌԴ ԱԴԾ-ի կողմից։ Այսինքն՝ այդ կետն արդեն չի գործում, քանի որ այդ եռակողմ համաձայնագրից ոչինչ չի մնացել։ Ադրբեջանն է խախտել, բայց չգիտես ինչու՝ մեղավոր է Հայաստանը», – արձանագրել է Միխայիլ Ալեքսանդրովը։

Այնուհետեւ նա հավելում է. «Պետք էր Ադրբեջանի հետ պարզել բոլոր հարցերը։ Ես կարծում եմ՝ Սոլովյովն իրավիճակը շատ լավ հասկանում է, պարզապես մի առիթով ընդդեմ Ադրբեջանի ելույթ ունեցավ, հետո Ադրբեջանի դեսպանատանը զայրացան, դժգոհեցին, իսկ մեր երկրում իշխանության մեջ ադրբեջանամետ տարրերը լիքն են, նրանք սկսեցին ճնշել հեռուստաընկերությանը, ստիպեցին Սոլովյովին ներողություն խնդրել, նա էլ ստիպված եղավ ներողություն խնդրել, նրան հրապարակային մեղադրեցին, քիչ էր մնում աշխատանքից հեռացնեին։ Ինձ, օրինակ, հեռացրեցին աշխատանքից։ Ես, իհարկե, Սոլովյովի պես աջակցություն չունեմ, նրան հնարավորություն տվեցին ներողություն խնդրել։ Սա է հիվանդանոցը… Ահա, մեզ մոտ այսպիսի աննորմալ իրավիճակ է, Ադրբեջանն է մեր երկրում վարվելաձեւի չափանիշներ սահմանում, կադրային նշանակումներ ղեկավարում՝ ում նշանակել, ում հեռացնել աշխատանքից։ Մի խոսքով՝ իսկական անհեթեթություն։ Սա Ռուսաստանի քաղաքացիներին ադրբեջանական պետության կողմից վախեցնելու հարց է, որը բացարձակապես անընդունելի է՝ ՌԴ իշխանության մի հատվածի թողտվության պայմաններում»։

Ռուսաստանցի հանրային երկու գործիչների վերոնշյալ գնահատականները լիովին պատկերում են այն Ռուսաստանը, որտեղ այսօր մշակվում եւ իրագործվում է արտաքին քաղաքականություն հարեւանների, դաշնակիցների եւ գործընկերների նկատմամբ։ Այդ քաղաքականության նրբերանգները պետք է զգալ, դրանց հետ հաշվի նստել, եզրակացություններ անել, հաշվարկել ու գործել։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    ու ինչն ա սխալ ասել Դուգինը, տիկին ռուսատյաց Էմմա ?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031