Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք օպերատիվ-հետախուզական միջոցառում անելու զեկուցագիրը բավարար է միջնորդության ամբողջական քննության իրականացման համար

Հունվար 22,2026 12:30

Սահմանադրական դատարան դիմած Վարդան Հարությունյանի դիմումի համաձայն` վիճարկվող դրույթներին վերաքննիչ քրեական դատարանի կողմից տրված եւ Վճռաբեկ դատարանի կողմից ընդունելի համարված մեկնաբանության արդյունքում վիճարկված դատական ակտի ստուգումն իրականացվել է առանց դատական գործում համապատասխան միջնորդությունը հիմնավորող նյութի (նյութերի) առկայության, որպիսի պայմաններում բավարար է համարվել դատական նիստի ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն ներկայացրած նույն մարմնի աշխատակիցների կողմից կազմված եւ դատարանին տրամադրված զեկուցագիրը՝ առանց դրանում շարադրված հանգամանքները հաստատող փաստաթղթերի:

Վարդան Հարությունյանի անհատական դիմումը (ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Զորայր Հարությունյան եւ Միքայել Շխիմյան) Սահմանադրական դատարանում մուտքագրվել էր 2026 թ. հունվարի 7-ին: Դիմողը խնդրել էր. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (1998 թվականին ընդունված) 284-րդ հոդվածի 3-րդ մասը եւ դրա հետ փոխկապակցված նույն օրենսգրքի 288-289-րդ հոդվածները, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը եւ/կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր»:

Դիմողը, ներկայացնելով թիվ ՕՀՄ-15.05.2018 գործի դատավարական նախապատմությունը, Սահմանադրական դատարանի առջեւ բարձրացրել է հետեւյալ իրավական հարցադրումները.

«ա. արդյո՞ք ՕՀ միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդության հետ միասին առաջին ատյանի դատարանին տրամադրած նյութերի չպահպանումը դատական գործի մեջ, կարող է գնահատվել իբրեւ համապատասխանող՝ մրցակցային դատավարության եւ վերաքննության կարգով որոշման բողոքարկման իրավունքի, ինչպես նաեւ վերաքննության ինստիտուտի էության հետ:

բ. ՕՀ միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն ներկայացրած մարմնի կողմից որեւէ նյութի տրամադրումը վերաքննության ընթացքում, ի հիմնավորումն առաջին ատյանի դատարանում միջնորդությանը կից նյութեր ներկայացված լինելու, կարող է արդյո՞ք համապատասխանող համարվել վերաքննության էության հետ. այդ վերաքննությունը դարձնելով պաշտպանության արդյունավետ միջոց:

գ. արդյո՞ք ՕՀ միջոցառումներ անցկացված լինելու մասին զեկուցագիրը (կամ տեղեկանքի, կամ որեւէ այլ վերտառությամբ փաստաթղթի) բավարար է միջնորդության ամբողջական քննության իրականացման համար, հաշվի առնելով շահագրգիռ անձի կողմից հետագա փուլերում ՕՀ միջոցառում իրականացնելու մասին դատական ակտի վիճարկման հնարավորությունը (վիճարկման վարույթի նկատմամբ արդար դատաքննության ու արդյունավետ պաշտպանության իրավունքների կիրառելիությունը)»:

Դիմողը նշել է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի կիրառման արդյունքում ակնհայտ անհամաչափ ներգործության են ենթարկվել Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածներով երաշխավորված իր արդյունավետ դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքներն այնքանով, որքանով ինքը` որպես շահագրգիռ անձ, հնարավորություն չի ունեցել մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկել իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը հունվարի 19-ին մերժելով անհատական դիմումը, արձանագրեց, որ այս անհատական դիմումով բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է ՍԴ կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի (թիվ ՕՀՄ-15.05.2018 գործով) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է դատարանի իրավասության շրջանակից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031