«Հրապարակի» զրուցակիցը Մասյացոտնի թեմի քահանա Զարեհ Աշուրյանն է:
– Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ եւ դատարանի վճռով, շարունակում է զբաղեցնել թեմի առաջնորդի պաշտոնը: Իշխանություններին ենթակա դատարանը հաշված ժամերի ընթացքում տիրադավ առաջնորդին իր պաշտոնում վերականգնեց, այն դեպքում, երբ եկեղեցական որոշումներին դատարանը չի կարող միջամտել: Տեղեկություններ կան, որ այդ պաշտոնում վերականգնվելուց հետո Գեւորգ Սարոյանը «տեռոր» է սկսել թեմի ներսում, եւ արդեն քանի օր է՝ լարված մթնոլորտը չի հանդարտվում: Ի՞նչ իրավիճակ է այժմ:
– Իրավիճակը խիստ անհանգստացնող եւ մտահոգիչ է, որովհետեւ կան բռնաճնշումներ՝ հոգեբանական իմաստով եւ ոչ միայն: Անգամ ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքներ կան, ատելության գեներացում` առ այն բոլոր հոգեւորականներին, ովքեր չեն միաբանվում Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցին «բարեկարգելու» կեղծ օրակարգին: Անգամ քահանաներից շատերն այս օրերին վախենում են իրենց ընտանիքի անդամներին տանը մենակ թողնել, մտածելով, որ ընտանիքի անդամներին վախեցնելով, վնասելով՝ կարող են ինչ-որ գործողություններ կատարել: Այժմ ճնշումներ կան, միանշանակ, եւ այդ ամենն արվում է պետական լծակներով` Փաշինյանի օժանդակությամբ, տեղական ինքնակառավարման մարմիններ, թաղային հեղինակություններ, ոստիկանական ուժեր, հատուկ ծառայություններ եւ այլն: Մարդկանց շանտաժով, խոստումներով փորձում են ազդեցություն ունենալ: Ամեն բան անում են, որ քահանաները միանան իրենց պիղծ ընթացքին, սակայն, փառք Աստծո, քահանաներն ամուր կանգնած են իրենց տեղում եւ լավ հասկանում են, որ տեղի ունեցող պրոցեսները մտացածին են եւ ոչ մի ազնիվ նպատակ չունեն: Ես զարմանում եմ մեր իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքի, ավելի ճիշտ` չարձագանքի վրա, որ առհասարակ ոչ մի խոսք չեն ասում շատերը: Մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են տեղի ունենում, բոլոր հնարավոր ձեւերով իշխանությունն իր ունեցած ռեսուրսներով լծվել է հոգեւորականներին ճնշելու գործին, իսկ ո՞ւր մնաց ժողովրդավարությունը: Եթե հոգեւորականին ստիպում են ընդունել այս կամ այն առաջնորդին, դա արդեն իսկ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Ինչ վերաբերում է թեմի նախկին առաջնորդին, որին դատարանը վերականգնել է իր պաշտոնում, ապա դատարանը չի կարող նման որոշումներ կայացնել: Դատարանը չի կարող եկեղեցու ներսում թեմի առաջնորդ նշանակել:
– Ձեր խոսքում ասացիք, որ բանը հասել է ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքներին, որ շատ հոգեւորականներ վախենում են իրենց ընտանիքի անդամներին տանը մենակ թողնել եւ այլն: Խնդրեմ, ավելի մանրամասն խոսեք այս մասին, ի՞նչ կոնկրետ դեպքեր գիտեք:
Կարդացեք նաև
– Կան սպառնալիքներ, չեմ կարող անուններ տալ, որովհետեւ, եթե տամ նրանց անունները, հերթական անգամ վտանգի տակ կդնեմ նրանց: Քանի դեռ չի ստեղծվել համապատասխան միջավայր, որտեղ մենք կարող ենք ազատ խոսք ասել, պետք է զգուշանալ: Եթե հիմա կոնկրետ փաստեր ասեմ, վաղը նրանց հետ ինչ-որ մի դժբախտ պատահար կարող է տեղի ունենալ….
– Իսկ ի՞նչ սպառնալիքներ կան կոնկրետ:
– Սպառնում են, որ եթե Նիկոլի կողմը չանցնեն, դուրս կվռնդվեն, եւ շատ ավելի վատ սպառնալիքներ: Սա պղծության գագաթնակետն է, թող վախենան Աստծո դատաստանից, որը չի ուշանալու, պատժվելու են թե՛ իրենք, թե՛ իրենց սերունդները:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

















































