ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է 2026 թվականին առնչվող ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը:
Էսկալացիայի հավանականության մասին
Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2026 թ. ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է համարում, քանի որ բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Քիչ հավանական են համարվում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։
Բայց սրա կողքին Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցի համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ «երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները»:
Կարդացեք նաև
Ավելին, Արտաքին հետախուզական ծառայությունն արձանագրում է, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։
Այսինքն, պետական մակարդակով ասվում է այն, ինչի մասին ոչ մեկ անգամ զգուշացրել ենք, այն է՝ «Արևմտյան Ադրբեջանը» զուտ ներքին սպառման համար հնչեցվող ձևակերպում և անմեղ խոսույթ չէ, ինչպես իշխանական որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել:
Ի դեպ, իր առաջին զեկույցում Արտաքին հետախուզական ծառայությունը նույնքան վտանգավոր էր համարել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, ինչն անտեսված է այս դեպքում գուցե նրա համար, որ այն վերանվանվել է «Թրամփի ուղի»: Եվ ոչինչ, որ թուրք-ադրբեջանական շրջանակները լիովին չեն հրաժարվել այդ եզրույթից, ավելին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ անունների փոփոխությունից ծրագրի էությունը չի փոխվել:
Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել հետևյալի վրա.
«Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ, դրանք ունեն մեծ ներուժ՝ մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից, տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով»:
Այսինքն՝ ինչպես խաղաղությունը, այնպես էլ էսկալացիան գին ունեն, հարցը՝ կողմերից ով, ինչ գին է վճարում, և արդյո՞ք բոլոր կողմերն են գին վճարում:
Իսկ հետախուզական կառույցն արձանագրել է նաև Ադրբեջանի ռազմական բյուջեի զգալի մեծացումը վերջին տարիներին: Մասնավորապես, հրապարակված զեկույցում արձանագրվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճի շարունակականությունը:
Ադրբեջանական փորձագետների դիտարկմամբ, երկրի պաշտպանական ծախսերի առաջիկա 4 տարիների աստիճանական կրճատումը, ինչի մասին նշեցինք, չափավոր է, այսինքն՝ բնավ չի ենթադրում ռազմական պոտենցիալի նվազում, այն ընդամենը վկայում է արդիականացման ցիկլի ավարտի մասին: Իսկ եթե հաշվի առնենք նաև ռազմական արդյունաբերության զարգացմանը միտված Ալիևի ծրագրերը, նաև՝ տարբեր երկրների մասնակցությամբ, երբ Բաքուն իր «ձեռքում է» ունենում տարբեր զինատեսակների արտադրության տարբեր երկրների փորձված տեխնոլոգիաներ, հաստատ մտածելու բաներ Հայաստանն ունենում է ամեն դեպքում:
Ինչ վերաբերում է պատերազմի վարման ձևերին:
2025 թ. Արտաքին հետախուզական ծառայությունը նկատել էր, որ պատերազմի վարման ձևերը ենթադրելու են բարձր շարժունակությամբ, ինքնուրույնությամբ, որոշումների արագ կայացման հնարավորություններով օժտված ստորաբաժանումների կիրառում: Իսկ 2026-ին, ըստ կառույցի, անօդաչու համակարգերի տեխնոլոգիական զարգացվածությունը հնարավորություն կտա դրանք ներգրավել ավելի բարդ օպերացիաներում, այդ թվում՝ օպերատորի տեսանելիության գծից դուրս: Բացի այս, Արհեստական բանականությունը (ԱԲ), մեծ հավանականությամբ, կշարունակի սահմանափակել մարդու դերը ռազմադաշտում: Միաժամանակ, սակայն, նշվում է՝ ավանդական խոցման միջոցների և ավիացիայի դերը հակառակորդի նկատմամբ ընդգծված առավելության հասնելու մտահղացման իրագործման առումով, շարունակելու է մնալ որոշիչ։
Որքանո՞վ է վերը նշվածը հաշվի առնում ՀՀ պաշտպանական գերատեսչությունը, այդ թվում՝ չանտեսելով Ադրբեջանի՝ ժամանակակից պատերազմի վարման ձևերը կարևորելու քաղաքականությունը: Բայց մենք խնդիր ունենք չանտեսելու Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության կանոնները: Օրինակ, օրերս ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկում մի հետաքրքիր վերլուծության էր հրապարակվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասին, որը 44-օրյա պատերազմի օրերին ղեկավարել է Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT):
Ադրբեջանական վերլուծության մեջ նշվում է, որ Ֆիդանը կադրային դիվանագետ չէ և չի ներկայացնում փոխզիջումների և արարողակարգային քաղաքավարության դպրոցը: Այսինքն, նա համարվում է անվտանգային համակարգի «կադրային պրոդուկտ», և արտաքին գերատեսչություն ղեկավարելով, չի հրաժարվել ուժային կամ հետախուզական համակարգերին հատուկ մոտեցումներից, հետախուզական մտածելակերպից, այլ դրանք ընդամենը դիվանագիտական ձևով օրինականացրել է:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն ընկալե՞լ է, թե ինչ ասել է՝ գործ ունենալ, բանակցել Թուրքիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի հետ, ով համարվում է Էրդողանի «գաղտնիքների պահապանը» և հնարավոր իրավահաջորդներից մեկը: Հարցը, թերևս, հռետորական է:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթում։


















































