Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին»։ «Գնումների մասին» օրենքը չի նախատեսում սահմանափակումներ հանրային պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված կազմակերպությունների գնման գործընթացներին մասնակցության վերաբերյալ: Այս նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել նման սահմանափակումներ նախատեսող համակարգ՝ ըստ ազդեցության մակարդակների:
Նախատեսվում է սահմանել «շահերի բախում» եւ «փոխկապակցված մասնակից» հասկացությունները.
Առաջին մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային Ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը եւ վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները.
Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք՝ բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների եւ համայնքի ավագանու անդամների, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները։
Կարդացեք նաև
Երրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, թե գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսեւորումները բացառող համակարգերի սահմանումը մնում է կառավարության առաջնահերթություններից մեկը։ «Այս համատեքստում կարեւոր է օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացին։ Առաջարկվում է ներդնել հետեւյալ մոդելը՝ փոխկապակցված կհամարվի պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաեւ համատեղ բնակվող անձը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց․ «Այն ընկերությունները, որոնց բաժնետերը բացահայտված չէ իր իրավական կարգավիճակով, ուղղակի չպետք է կարողանա մասնակցել պետական գնումներին։ Եթե հիմա այդ հարցին չանդրադառնանք, ապա այս կարգավորումը չի աշխատի»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































