Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ադրբեջանցիների հետ կարողանում են էդ նավթը, բենզինն ու ցորենը բերել, թող մեր զոհված երեխաների մարմիններն էլ Արցախից բերեն այստեղ»

Հունվար 22,2026 13:32

Արցախում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր դարձյալ բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Արցախում մնացած աճյունները տեղափոխել Հայաստան։

«Մեր պահանջն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին զոհված տղաների մարմինները տեղափոխեն Հայաստան։ Մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանին դիմել, որ արտաշիրմում անենք ու մարմինները բերենք այստեղ։ Եթե ադրբեջանցիների հետ կարողանում են էդ նավթը, բենզինն ու ցորենը բերել, մեր պահանջն է, որ մեր զոհված երեխաների մարմիններն էլ Արցախից բերեն այստեղ։ Ես ուզում եմ, որ իմ երեխայի գերեզմանը բերեն այստեղ, որ գնամ, մի ծաղիկ դնեմ։ Ես էլ ոչինչ չունեմ, էդ տղան եմ ունեցել, հիմա մնացել եմ մենակ»,- ասաց ծնողներից մեկը։

Նա նշեց, որ իրենք չեն ուզում, որպեսզի Արցախի էջը փակվի, միշտ էլ ցանկանում են վերադառնալ Արցախ։

Ցույցի մասնակիցների խոսքով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանի հետ կարողանում էին հանդիպել, իսկ նոր տնօրենի հետ չեն կարողանում կապվել, ասում են, որ խիստ ծանր գրաֆիկ ունի։

Ծնողներից Բորիկ Արզումանյանն էլ ասաց, որ որդին՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Արդեն երկու տարուց ավելի է՝ իրենց խաբում են։ «2023 թվականի սեպտեմբերի 30-ից մինչեւ այսօր բողոքում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որպեսզի արտաշիրմում անեն։ Այսօր, վաղը, ուղարկել է ԱԱԾ-ի մոտ, ընդեղ էլ են կեղծավոր դիմավորում, սաղ սուտ են ասում։ Աբազյանի հետ մի 6-7 հանդիպում ենք ունեցել, ընդունում էր, կարծես թե ցավակցում էր, մեզ հետ կիսում է, բայց ոչ մի ընթացք չկա գործին։ Սաղ սուտ է»։

Նա նշեց, որ արցախցիներն իրենց վերադարձի հարցը չեն մոռանում, ոչ մի ղարաբաղցի չի կարող մոռանալ իր ծննդավայրը։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ Արցախի հարցը փակելու մասին, Բորիկ Արզումանյանն ասաց․ «Ինքը բառեր է ասում, ինքն իրավունք չունի մոռանալ։ Ես ծնվել եմ Ղարաբաղում, իմ հարազատները սաղ ընդեղ են, իմ կյանքն այնտեղ եմ անցկացրել, ո՞նց կարող եմ ես մոռանալ։ Ինքը կարող է մոռանալ, բայց ոչ մի ղարաբաղցի չի կարա մոռանա իր հայրենիքը։ Ինքը առեւտուր է անում, բենզին է առնում, վաղը վերմիշել է բերելու։ Արտաշիրմում անելն ի՞նչ է մեկ օրվա գործ է, 30 քանի շիրիմներ կան այնտեղ, որ ոչ մի բան չկա վրան դրված, անտեր վիճակ է։ Մենք խնդրում են, որ արտաշիրմում անեն, մեր երեխեքին բերեն այստեղ։ Եթե ինքը չի կարողանում, այսօր Ալիեւն է Հայաստանի հարցերը որոշում, ուրեմն գնանք Ալիեւին խնդրենք»։

Նա նշեց,որ կադրեր կան՝ ադրբեջանցիները պղծում են իրենց որդիների ու հարազատների շիրիմները։ Հատկապես այն մարդկանց, ովքեր մասնակցել են պատերազմին։ Արցախցին նշեց, որ եթե իրենց հստակ պատասխան չտան, հաջորդ շաբաթվանից նստացույց կանեն։

«Համահայկական շարժման» անդամ Ռուզան Ստեփանյանը լրագրողներին ասաց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հումանիտար խնդիրներով ամեն օր խոշտանգում է հայ մարդուն․ «Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր երկրում չէ՝ Դավոսում է, այլապես հենց այսօր կպնդեինք եւ կպահանջեինք, որ ինքը պետք է մեզ ընդունի։ Փաշինյանը պետք է այս ծնողներին ընդունի մինչեւ երկուշաբթի-երեքշաբթի։ Մենք ի՞նչ ենք պահանջում Նիկոլ Փաշինյանից, հստակ հայտարարում ենք, որ այս հարցն այլեւս չի կարելի հետաձգել։ Պահանջում ենք անհապաղ ընդունելություն Նիկոլ Փաշինյանի կողմից եւ հստակ ժամկետների հրապարակում 2023 թվականին զոհված եւ հուղարկավորված արցախցիների աճյունները Հայաստան տեղափոխելու հարցում։ Գործողությունների իրականացում՝ առանց իրենց քննարկումների, որովհետեւ սա հումանիտար հարց է ու պետական պարտավորություն։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարող կամ չի պատրաստվում կատարել այս կենսական պահանջները, մենք ստիպված կլինենք դիմել միջազգային կառույցներին, հանրային ու միջազգային հարթակներում բարձրաձայնել ՀՀ կառավարության անգործության մասին»,- նշեց Ռուզան Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ցույցի մասնակիցներն իրենց պահանջներով նամակը փոխանցեցին կառավարությանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մարութ Վանյանի 2023-ի լուսանկարը՝ զանգվածային թաղում Ստեփանակերտի հուշահամալիրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031