Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական պատմական շարունակականությունից կտրվելով՝ Հայաստանը կարող է թուլացնել իր հիմնական առավելություններից մեկը. Արմեն Հարությունյան

Հունվար 22,2026 14:21

«Իրական Հայաստան» հասկացությունը․ հայկական պետականության խնդրահարույց վերաիմաստավորում. Արմեն Հարությունյան

Ֆրանսահայ Armenews կայքը հրապարակել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2015-2025թթ. դատավոր Արմեն Հարությունյանի հոդվածը՝ ««Իրական Հայաստան» հասկացությունը․ հայկական պետականության խնդրահարույց վերաիմաստավորում» վերնագրով, որը ներկայացվում է թարգմանաբար.

Ինքնիշխան պետություն ունենալու ձգտումը ժողովուրդների քաղաքական պատմության մեջ արտառոց երևույթ չէ։ Սակայն պետությունների պատմության և դրանց ուսումնասիրության փորձը ցույց է տալիս, որ պետականությունը երբեք ինքնանպատակ չէ: Այն գործիք է՝ կոչված ապահովելու հանրության հավաքական շահերի պաշտպանությունը, շարունակականությունն ու առաջընթացը։

Հնագույն ազգերի՝ ինչպիսիք են հույները, հրեաները կամ հայերը, պարագայում պետության ձևավորումը  սերտ կապակցված է պատմական հիշողության, խորհրդանիշ արմատների և մշակութային շարունակականության հետ: Հաճախ այս ազգերի սփյուռքները կառուցողական և ամրապնդող դերակատարություն են ունեցել ազգային պետությունների ձևավորման գործընթացում։ Քաղաքական ինքնիշխանության, պատմական հիշողության և հավաքական ինքնության այս համադրությունը դարձել է դիմակայության և հարատևման գործոն, հատկապես այն ժամանակահատվածներում, երբ վերոհիշյալ ազգերը զրկված են եղել պետականությունից։

Պատմական փորձը, սակայն, ցույց է տալիս, որ ազգային շարունակականությունը պայմանավորված չէ բացառապես պետականության գոյությամբ։ Հայոց պատմությունը լի է պետական ինքնիշխանության երկարատև ընդհատումներով՝ XV-ից մինչև XX դարերը: Պետության բացակայության պայմաններում ազգային, կրոնական և մշակութային տարրերի առկայությունն ապահովել է հայկականության շարունակականությունը։

Այս համատեքստում է անհրաժեշտ վերլուծել «իրական Հայաստան» հասկացության ժամանակակից գործածությունը: Այն հաճախ է գործածվում հայաստանյան ներկայիս քաղաքական իշխանության կողմից։ Այս հասկացությունն առաջարկում է հայկական պետության գործնական վերաիմաստավորում՝ կենտրոնանալով գոյություն ունեցող սահմանների, աշխարհաքաղաքական իրողությունների և ուժերի ներկայիս հարաբերակցության վրա՝ երկրորդ պլան մղելով հայոց պատմությունը և դրա հիման վրա պետականության կառուցումը։

Խոսքը գնում է նախ և առաջ քաղաքական խոսույթի փոփոխության մասին, որի կենտրոնում դրվում է ներկա հրատապ խնդիրների և գոյություն ունեցող դժվարությունների կարգավորումը՝ առաջնահերթ չհամարելով բոլոր այն տարրերը, որոնք խորհրդանշական դերակատարություն ունեն հայոց պետության համար։

Նման մոտեցումը պարունակում է իրական վտանգ: Այն կարող է պետությունը կտրել իր պատմական հենարաններից՝ թուլացնելով ազգային համախմբվածությունը։ Երբ պատմական հիշողությունը դադարում է լինել ընդհանուր հենման կետ, ազգային համերաշխությունը խարխլվում է, սփյուռքի հետ կապը թուլանում է, և ապագան հավաքական ջանքերով կառուցելու կարողությունը նվազում է։

Այս հանգամանքը պարունակում է նաև մեկ այլ վտանգ․ այն կարող է Հայաստանը դնել մի հարթության վրա, որը համադրելի է ադրբեջանական իշխանության կիրառած պետականաշինական տրամաբանության հետ, որը, չունենալով երկարատև պատմական հիմք, իր քաղաքական լեգիտիմությունը կառուցել է հարևանների պատմամշակութային ժառանգության ժխտման կամ գրավման միջոցով։ Սեփական պատմական շարունակականությունից կտրվելով՝ Հայաստանը կարող է թուլացնել իր հիմնական առավելություններից մեկը՝ հարուստ պատմական և մշակութային հենարանի առկայությունը։

Հետևաբար, հարցը ոչ թե կայանում է նրանում, թե արդյոք հայկական պետությունը պետք է հարմարվի՞ իրողությանը /ցանկացած պետության առջև ծագում է նման հարցադրում/, այլ այն հանգամանքում, թե արդյոք այդ հարմարվողականությունը հնարավո՞ր է իրականացնել՝ չխզելով ազգային, պատմական և ինքնության միջև գոյություն ունեցող դրական կապը։ Կենտրոնական խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք ժամանակակից Հայաստանը կարող է ինքն իրեն ընկալել ոչ թե որպես իր պատմությունից կտրված միավոր, այլ որպես երկարատև, ընդհատումներով, բայց խորհրդանշական առումով համահունչ քաղաքական ուղու ժառանգորդ։ Հենց այս նուրբ, բայց վճռորոշ հավասարակշռությունն է, որ հայկական իշխանությունները այսօր դժվարանում են լիարժեքորեն ստեղծել։ Ներկա իրողությունների կառավարումն ու պատմական հենարանների պահպանումը դեռևս մնում են փխրուն և չավարտված համադրության մեջ։

Այս իմաստով, ներկայիս Հայաստանը ավելի նախընտրելի կլիներ ընկալել ոչ թե որպես «իրական Հայաստան», որը հակադրվում է պատմական Հայաստանին, այլ որպես հայկական պետականության ժամանակակից ձևավորում՝ ամրագրված հիշողության, մշակույթի և ազգային շարունակականության մեջ, ինչը անհրաժեշտ պայման է նրա կայունության և գործունակության համար տարածաշրջանային բարդ միջավայրում։

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2015-2025թ.թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031