Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սարգսյան. «Տիկին Անդրեասյան, նամակը վաղուց ուղարկել ենք, միգուցե հայտնե՞ք ձեր դիրքորոշումը հայտնի դեպքի հետ կապված»

Հունվար 22,2026 14:53

Հայաստանի դահուկային մարզաձեւերի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկի՝ իրենց ֆեդերացիային հատկացվող պետական աջակցության չափի մասին հարցին եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի պատասխանին եւ նշեց, որ նրանք ուզում են մարդկանց շփոթության, թյուրիմացության մեջ գցել։

Մինչեւ բուն թեմայի մասին խոսելը՝ Գագիկ Սարգսյանը հիշեցրեց. «Վերջերս մամուլի ասուլիսում տիկին նախարարն ասաց, որ Աշխարհի գավաթի փուլում հայ դահուկորդի հետ միջադեպի հետ կապված գրություն են ուղարկել ֆեդերացիա եւ պատասխանը ստանալուն պես իրենք կհայտնեն իրենց դիրքորոշումը։ «Տիկին Անդրեասյան, նամակը վաղուց ուղարկել ենք, միգուցե հայտնե՞ք ձեր դիրքորոշումը հայտնի դեպքի հետ կապված։ Հանրությունը շատ անհամբեր սպասում է, թե ինչ դիրքորոշում ունեք դուք»,-հորդորեց նա։

Անդրադառնալով մրցման ժամանակ Ադրբեջան բառը ժապավենով փակելու վերաբերյալ հարցին՝ Գագիկ Սարգսյանը նախ հարցը հնչեցրած իշխանական պատգամավորին տեղեկացրեց, որ այդ մարզիկը լեռնադահուկորդ չէ, այլ դահուկավազորդ է։

Այնուհետեւ, ֆեդերացիայի նախկին նախագահը հայտարարեց, որ ֆինանսավորման մասին ասված իր խոսքերը աղավաղված են ներկայացվում։ «Ոչ ոք չի ասում, թե մեր ֆեդերացիան չի ֆինանսավորվում։ Մենք ասում ենք պատշաճ ֆինանսավորման բացակայության մասին»։ Այնուհետեւ, հերթով ներկայացրեց վերջին տարիներին իրենց ֆեդերացիայի ֆինանսավորման մասին երկրի թիվ մեկ ամբիոնից նախարարի պատասխաններից հատվածների ձայնագրություններ, դրանց տվեց պարզաբանումներ, հնչեցրեց ֆեդերացիայի փաստաթղթերում առկա կոնկրետ թվեր, անցկացրեց համեմատություններ։

Հակադարձելով նախարարի խոսքերին, թե իրենք բացահայտում են հավելյալ օրակարգեր, որոնք ամեն ինչի մասին են, բայց ոչ սպորտի, Գագիկ Սարգսյանը պատասխանեց, որ 40 տարի իր օրակարգը բացառապես սպորտային է։ «Ես կուսակցական չեմ։ Ես չեմ զբաղվում եւ չեմ զբաղվելու քաղաքականությամբ։ Ես պրոֆեսիոնալ ոլորտ ունեմ եւ ես պրոֆեսիոնալ մասնագետ եմ։ Ավելին ասեմ։ Իմ քաղաքական հայացքները որպես այդպիսին ազգային են, իմ կուսակցությունը համայն հայությունն է։ Եվ ես ժառանգել եմ դա իմ պապերից»,-ասաց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031