Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպքեր ունենք, որ 20-30 դոլարով Գյումրիից հնարավոր է թռնել Լառնակա, շատ ավելի էժան, քան տաքսիով Գյումրիից Երեւան»

Հունվար 22,2026 15:15

«Շատ լավ է, որ Գյումրիի Շիրակ օդանավակայանից Լառնակայի թռիչքն ունենք, բայց այդ թռիչքը շաբաթը մեկ անգամ է, եւ կարիք կա լրացուցիչ խթան օգտագործել՝ օդանավակայանը զարգացնելու համար, մանավանդ, որ Հյուսիս-հարավն էլ ամբողջությամբ կառուցված է»,- կառավարության նիստում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Նա նշեց, որ «Վիզ Էյր» ընկերությունը «Շիրակ» օդանավակայանից դեպի Լառնակա չվերթ է իրականացնում՝ ներկայումս շաբաթը մեկ անգամ, նախկինում շաբաթը երկու անգամ էր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց՝ տոմսն ի՞նչ արժե։ «Դեպքեր ունենք, որ 20-30 դոլարով Գյումրիից հնարավոր է թռնել, շատ ավելի էժան, քան տաքսիով Գյումրիից Երեւան»,- ասաց Առուշանյանը։

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հավելեց․ «Ես երեկ էի ստուգում տոմսերը՝ 17,99 դոլար էր Գյումրիից Լառնակա»։ Սիմոնյանն ասաց, որ ձմռան ամիսներին է ավիաընկերությունը նվազեցրել շաբաթական չվերթների քանակը՝ ելնելով ուղեւորահոսքի ծավալից, բայց ավիաընկերությունը ապրիլից սկսած շաբաթական չվերթների թիվն ավելացնելու է։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «ՀՀ Կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին լիազորություն վերապահելու մասին» որոշումը: Ըստ հիմնավորման՝ որոշման նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաեւ ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթներ սպասարկող օդանավակայանը՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային օդանավակայան դարձնելու համար։

Վերացվում են Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները, պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2067 թվականի դեկտեմբերի 31-ը: Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել շուրջ 425 մլն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ:

Արմեն Սիմոնյանը նշեց, որ նախատեսված ներդրումը պետք է իրականացվի մինչեւ 2033 թվականը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց․ «Օդանավակայանի երկրորդ տերմինալի կառուցման ամենասեղմ ժամկետները պիտի պայմանավորվենք, հակառակ դեպքում եւ օդանավերի համար, եւ ուղեւորափոխադրումների համար արդեն ունենք պրոբլեմներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Սիմոնյանը նշեց, որ 2025 թվականին բավականին մեծ ուղեւորահոսք է գրանցվել միջազգային օդանավակայաններում՝ կազմելով 5 մլն 754 հազար մարդ, որը 7,5 տոկոսով ավելին է 2024 թ. ցուցանիշից: Նրա խոսքով՝ իսկապես առկա է ենթակառուցվածքն ընդլայնելու եւ սահմանված չափանիշներով ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031