Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն Հայաստանի. հրատապություն, միասնություն և պատասխանատվություն. Կ. Մ. Գրեգ (Գուրգեն) Սարգսյան

Հունվար 22,2026 15:43

Ես գրում եմ որպես սփյուռքահայ, որը խորապես կապված է հայրենիքին, բայց և այնպես բավականաչափ հեռու է տեսնելու համար այնպիսի օրինաչափություններ, որոնք տեղում գտնվողների համար դժվար է նկատել։ Ես չեմ բախվում անվտանգային այն ուղիղ մարտահրավերներին, որոնց դիմակայում են Հայաստանում ապրող հայերը, և չեմ հավակնում ասել, թե գիտեմ ավելին, քան նրանք, ովքեր ապրում են այնտեղ։ Բայց ես տագնապած եմ։

21-րդ դարը հերթական անգամ ապացուցում է, որ ուժն է հաճախ որոշում արդյունքները։ Ամբողջ աշխարհում ազգայնականությունը և «ուժն է ծնում իրավունք» սկզբունքն ակնհայտ են դառնում։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, իսրայելա-պաղեստինյան շարունակվող հակամարտությունը և Վենեսուելայի ճգնաժամերը ցույց են տալիս, որ սովորական մարդիկ տառապում են, երբ ուժը կիրառվում է առանց զսպվածության, իսկ աշխարհը երբեմն չի կարողանում միջամտել։ Տեխնոլոգիական առաջընթացը՝ արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, գերճշգրիտ սպառազինությունը, միայն բազմապատկում են ուժի կիրառման հետևանքները։

Հայաստանի մարտահրավերները գոյություն ունեն հենց այս գլոբալ համատեքստում։ Արցախի իննամսյա շրջափակումը և բնակչության բռնի տեղահանումը տեղի ունեցան նվազագույն միջամտությամբ կամ առանց դրա։ Այդ համայնքների գոյատևումը կախված էր անկախ Հայաստանից՝ մի պետությունից, որն ի զորու կլիներ պաշտպանել իր ժողովրդին և պնդել իր ինքնիշխանությունը։ Սա սթափեցնող հիշեցում է. ներքին պառակտումը թուլացնում է ազգը և այն խոցելի դարձնում մի աշխարհում, որտեղ ուժը կարող է ստվերել իրավունքը։

Հրատապ ներքին մարտահրավերներից մեկը պետության և եկեղեցու միջև առկա լարվածությունն է։ Երկուսն էլ հայկական կյանքի սյուներն են՝ ձևավորելով մշակույթը, ինքնությունը և սոցիալական համախմբվածությունը։ Սակայն նրանց միջև մրցակցությունը չի հզորացնում ազգը, այլ մասնատում է այն։ Պետությունը պետք է առաջնորդի արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը, իսկ եկեղեցին պետք է սատարի և համահունչ լինի այդ առաջնորդությանը, այլ ոչ թե հակադրվի դրան։ Երբ յուրաքանչյուրի դերը հարգվում է, Հայաստանը խոսում է միասնական ձայնով՝ թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում։

Հունիսին կայանալիք ընտրությունները հնարավորության դուռ են բացում։ Արդար, թափանցիկ և վստահելի գործընթացը, որին կաջակցեն բոլոր ինստիտուտները, կարող է ամրապնդել վստահությունը և ցույց տալ ազգային պատասխանատվություն։ Գործելու ժամանակը հիմա է։ Հայաստանը չի կարող սպասել։ Մեր այսօրվա ընտրությունները կորոշեն՝ արդյոք մենք դիմակայուն կլինենք ուժով, տեխնոլոգիաներով և ամբիցիաներով ձևավորված տարածաշրջանում։

Մեր ազգը պաշտպանելու համար ես առաջարկում եմ չորս հրատապ քայլ.

  • Կառուցվածքային երկխոսություն. Պետությունը, եկեղեցին, քաղաքացիական հասարակությունը և ուժային այլ կենտրոնների առաջնորդները պետք է պարբերաբար հանդիպեն՝ քննարկելու ազգային առաջնահերթությունները՝ մշակույթը, կրթությունը և անվտանգությունը՝ վեր կանգնելով կուսակցական քաղաքականությունից։
  • Դերերի հարգում, համագործակցության խրախուսում. Եկեղեցին ապահովում է բարոյական և մշակութային ուղղորդում, պետությունը երաշխավորում է կառավարումը, արտաքին քաղաքականությունը և անվտանգությունը։ Համագործակցությունը պատշաճ դերերի շրջանակում ամրապնդում է դիմակայունությունն ու միասնությունը։
  • Սփյուռքի ներգրավում. Արտերկրի հայությունը ազգային կյանքի կենսական մասն է։ Ներդրումները մշակութային, կրթական, մարդասիրական և տնտեսական նախաձեռնություններում կարող են միավորել սփյուռքը և կանխել մասնատումը։ Զորյան ինստիտուտի գրասենյակները, թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, պատրաստ են աջակցել և իրենց ներդրումն ունենալ այս հրատապ ջանքերում՝ որպես Սփյուռքի ուսումնասիրությունների իրենց գործունեության մաս։
  • Դասեր պատմությունից և տարածաշրջանային իրողություններից. Այն ժողովուրդները, որոնց պառակտումները թուլացրել են իրենց (ինչպես քրդերը կամ ասորիները), սթափեցնող դասեր են տալիս։ Հայաստանի գոյատևումը կախված է այդ դասերն իմաստնորեն կիրառելուց, քանի դեռ մարտահրավերները չեն խեղդել մեզ։

Հայաստանի ապագայի պատասխանատվությունը կրում ենք բոլորս՝ կառավարությունը, ընդդիմությունը, եկեղեցին, քաղաքացիական հասարակությունը և սփյուռքը։ Մեր միասնությունը, հանգիստ դատողությունը և հավաքական գործողությունները, ներառյալ հունիսին հնարավորինս մաքուր ընտրությունների անցկացումը, կարող են երաշխավորել, որ Հայաստանը կբարգավաճի այս ավելի ու ավելի բարդ և վտանգավոր աշխարհում։

Ես գրում եմ ոչ թե վախից դրդված, այլ լիահույս։ Հայաստանը նախկինում էլ է բախվել գոյութենական մարտահրավերների և հաղթահարել դրանք։ Այսօր խնդիրները հրատապ են, ռիսկերը՝ իրական, իսկ մեր հավաքական գործողությունները՝ վճռորոշ։ Մեր ժառանգությունը և մեր ազգի ապագան կախված են միասին, իմաստուն և հրատապ գործելուց։

Կ. Մ. Գրեգ Սարգիսյան Զորյան ինստիտուտի համահիմնադիր և նախագահ

Հոդվածում արտահայտած մտքերը պատկանում են միայն հեղինակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031