Լրահոս
Օրվա լրահոսը

93-ամյա օպերային թատրոնը քրեակատարողական հիմնարկներում ու շուրջօրյա խնամքի կենտրոնում

Հունվար 22,2026 16:33

Առաջին անգամ բանտ-գաղութային տարածքներում ելույթներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները:

Aravot.am-ին, արտագնա այս համերգների մասին որոշ մանրամասներ հայտնեց օպերային թատրոնի ռեֆերենտ Մարիաննա Պողոսյան-Գորդոնը: Զրույցի սկզբում նշեց, թե երբ բարձրարժեք արվեստը տարաբնույթ հանգամանքների բերումով հասանելի չէ հասարակության այն շերտերի համար, որոնք զերծ են մնացել այդ բերկրանքից՝ այդժամ գործի են դրվում անհատների և պետական ինստիտուցիոնալ համակարգի անհրաժեշտ լծակներն ու գործիքակազմը:

Հետո տեղեկացրեց. «ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից կազմակերպված ամանորյա ցուցահանդես – տոնավաճառին, որտեղ ներկայացված էին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող, ազատությունից զրկված անձանց ձեռքի աշխատանքները, որոնցից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է Երևանի «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին: Մեծ պատրաստակամությամբ, տոնական համերգային ծրագրով միացանք մենք՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները:

Առաջին կանգառը՝ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկն էր: Ամանորյա համերգային միջոցառմանը ներկա էին ազատությունից զրկված անձիք, ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը և մի շարք այլ պաշտոնյաներ: Հավաստիացնում եմ՝ մթնոլորտը չափազանց ջերմ էր, տոնական, հուզիչ՝ մարդկային սիրո և գթասրտության անմիջական դրսևորման արդյունքում, արդարադատության և արվեստի համամարդկային լեզվով:

Կատարումներով հանդես եկան Վարսենիկ Ավանյանը, Նունե Բադալյանը, Նարինե Անանիկյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Հայկ Թոնգուրյանը, Արման Առաքելյանը, Սերգեյ Սարգսյանը, Գրիգոր Աբրահամյանը, Թամարա Դադոյանը, Լիլիթ Հակոբյանը, Մագդա Մկրտչյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, դաշնակահարներ՝ Լուիզա Կոստանյանի և Արտեմ Խառատյանի նվագակցությամբ»:

Մեր զրուցակիցը շարունակեց. «Մյուս կանգառը՝ Աբովյանի քրեակատարողական հիմնարկն էր՝ կանանց գաղութը: Նշեմ, որ հաստատության պայմանները շատ բարվոք էին այստեղ, առկա էր գրադարան, մարզադահլիճ և ամենակարևորը՝ ջերմ մթնոլորտ: Միջոցառումն անցավ հոգեթով մթնոլորտում և համերգի ավարտին բոլորս փոխանակվեցինք փոխադարձ հուզառատ բարեմաղթանքներով»:

Մարիաննա Պողոսյան-Գորդոնը հայտնեց, որ օրերս էլ թատրոնի մեներգիչները այցելել են «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն: Կայացած միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: «Համերգի բացման խոսքում նշեցի, որ վստահաբար մեր այսօրվա հանդիսատեսի շարքերում կան օպերային թատրոնի երբեմնի արվեստասեր հանդիսատեսներից և խոսքս միջոցառման ավարտին փաստվեց: Մեր հարգարժան տատիկներից և պապիկներից շատերը վկայեցին, որ հանդիսացել են թատրոնի երբեմնի հավատարիմ և ակտիվ հանդիսատես ու այսօր ևս մեկ անգամ՝ մեծագույն հաճույքով ունկնդրեցին իրենց քաջածանոթ ստեղծագործություններ՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից հատվածներ, մեր մյուս հռչակավոր ստեղծագործողների՝ Կոմիտասի, Սայաթ – Նովայի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի փառահեղ երաժշտական գոհարները: Երկարատև ծափահարություններով ընդունվեցին Օֆելյա Համբարձումյանի, Գրետա Բագիյանի, Սյուզաննա Մելքոնյանի, Ռոման Խնկոյանի, Լիլիթ Սողոմոնյանի, Արմեն Բադալյանի, Տիգրան Օհանյանի ելույթները: Նրանց նվագակցում էր թատրոնի օպերային թատերախմբի վարիչ Հասմիկ Անտոնյանը»: Հավելեց նաև, թե վերոնշյալ միջոցառումների մասնակից մեներգիչների թվում էին և ճանաչված, և երիտասարդ անուններ, և իհարկե այս ամենն իրականացավ ի պատիվ՝ օպերային թատրոնի տնօրինության և արտիստների:

Զրույցի ավարտին հետաքրքրվեցինք՝ նման միջոցառումները, համերգները կունենա՞ն շարունակություն, Մարիաննա Պողոսյան-Գորդոնը առանց կոնկրետ հասցեներ նշելու բարձրաձայնեց միայն՝ մանկատներ և զորամասեր:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները Aravot.am-ին տրամադրել է Մարիաննա Պողոսյան-Գորդոնը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031