Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն համալսարաններն ավարտածները չեն ցանկանում աշխատել այս կառավարության հետ. կրթության փորձագետ

Հունվար 22,2026 16:49

Ժնեւի համալսարանի շրջանավարտ Կարեն Ղազարյանն անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող օրինագծին, ըստ որի՝ աշխարհի թոփ 50 համալսարաններ ընդունված մարդկանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման պարագայում` ուսանողը պարտավոր է 3 տարի աշխատել կառավարության կողմից որոշված ոլորտում եւ հետո նոր ազատվել զինվորական ծառայությունից, գրել էր, որ եթե ուզում են ուսանողը Հայաստան վերադառնա, ուրեմն պետք է նրան տեր կանգնեն:


Aravot.am-ի հետ թեմայի վերաբերյալ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ այս պահին ավելի քան 500 ուսանող է սովորում արտասահմանյան լավագույն բուհերում, եւ նրանք հետագայում իրենց աշխատանքն ավելի շատ շարունակում են գիտության ոլորտում:

«Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումը 14 տոկոսով կրճատվեց 2026 թվականի համար: Առանց այդ էլ այդ գումարը քիչ էր: Եթե այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան կամ Իսրայելը, գիտությանը եւ տեխնոլոգիաներին հատկացնում են իրենց ՀՆԱ-ի 4,5-5 տոկոսը, ապա Հայաստանի պարագայում գիտությանը հատկացվում է ընդամենը 0,41 տոկոսը (2025թ տվյալներն եմ ասում), իսկ իրականում ծախսվել է ՀՆԱ-ի 0,33 տոկոսը: Դա նշանակում է, որ այն երիտասարդները, որոնք գիտության ոլորտում պետք է գործունեություն ծավալեին, իրականում տեղ չեն ունենա, որովհետեւ ուղղակի գրոշներ կստանան գիտությամբ զբաղվելու համար:

Միեւնույն ժամանակ, այնպիսի երկրներ, որոնց թվում ԱՄՆ-ն է, ուղղակի «գողանում» են այդ երիտասարդներին, որովհետեւ առաջարկում են ավելի բարձր աշխատավարձ, քան եվրոպական երկրները: Եվ այդ երիտասարդներից շատերը մնում են ԱՄՆ-ում եւ մյուս երկրներում, ու նրանց կյանքն ապահոված է լինում: Ընդ որում, ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում մնացած նրանց ընտանիքի անդամների կյանքը եւս»:

Անդրադարձ եղավ նաեւ այն թեմային՝ արդյոք աշխարհի թոփ 50 համալսարաններն ավարտած երիտասարդներին կառավարությունն առաջարկելու է այնպիսի աշխատանք, պաշտոններ, որտեղ նրանք լավ են վարձատրվելու եւ յուրայինների նման մեծ պարգեւավճարներ են ստանալու: «Իրականում պետական կառավարման համակարգում կադրերի սով կա, սակայն շատերը չեն ուզում այս կառավարության եւ նրա ղեկավարի հետ աշխատել: Նրանք այդքան էլ շահագրգիռ չեն վերադառնալ Հայաստան, ինչքան էլ բարձր աշխատավարձեր ստանան, որովհետեւ իրենց պոտենցիալն այստեղ կչեզոքանա»,-նշեց մեր զրուցակիցը:

Կրթության փորձագետի ձեւակերպմամբ. «Թեեւ օրենքի նախագիծը ներկայացվեց ԱԺ-ում, բայց, օրինակ, ի՞նչ է առաջարկվելու այդ երիտասարդներին, հայտնի չէ: Սա անորոշության վիճակ է առաջացնում: Մարդը կմտածի՝ ի վերջո ի՞նչ են իրեն առաջարկում, չէ՞ որ պետք է առաջարկը հստակ լինի, մինչդեռ հստակ չէ: Օրինակ, կա՞ն կոնկրետ տեղեր, որտեղ պետք է աշխատեն այդ 3 տարին, կա՞ն կոնկրետ պաշտոններ, որ առաջարկվելու են այդ երիտասարդներին, որպեսզի նրանց շահագրգռեն վերադառնալ Հայաստան: Չկան, ցավոք սրտի, ուղղակի խոստումներ են, որոնք որեւէ կերպ իրավիճակը չեն փոխում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031