Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների ընտրության և նշանակման մարտահրավերները Հայաստանում․ ICLaw-ի զեկույցը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Հունվար 22,2026 17:59

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը (ICLaw) ներկայացրել է զեկույց դատավորների և փաստաբանների անկախության հարցերով Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցող Մարգարետ Սաթերթուեյթին: Վերջինս հրավիրել էր անդամ պետություններին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, փաստաբանական պալատներին ու դատական խորհուրդներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը ներկայացնել դիտարկումներ իրենց երկրում դատավորների նշանակման սկզբունքների վերաբերյալ:
Զեկույցում տեղ են գտել Կազմակերպության դիտարկումները ՀՀ-ում դատավորների ընտրության և նշանակման գործընթացների վերաբերյալ:

Կազմակերպությունը մասնավորապես անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի քաղաքական խոցելիությանը՝ նշելով, որ խորհրդարանի կողմից ընտրվող՝ խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության գործընթացին պակասում է թափանցիկությունն ու մրցակցայնությունը: Թեկնածուների համալրման վերաբերյալ հայտարարությունները, թեկնածուների ընտրության չափանիշները չեն հրապարակվում, ընտրված անդամների վերաբերյալ հիմնավորումներ չեն ներկայացվում:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև դատավորի թեկնածուների ընտրության փուլերին՝ նշելով, որ ՀՀ օրենսդրությամբ չի նախատեսվում թեկնածուի գրավոր աշխատանքի և հարցազրույցի գնահատման սանդղակների հանրային մատչելիությունը: Օրենսդրությունը չի նախատեսում նաև թեկնածուի վերաբերյալ հիմնավորված որոշումները հրապարակայնորեն ներկայացնելու պահանջը: Թափանցիկության նման բացակայությունը անհնար է դարձնում թեկնածուների, դիտորդների և հասարակության համար ստուգելու կայացված որոշումները հիմնավորվածությունը։ Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել թեկնածուի՝ դատավոր դառնալու համար անհրաժեշտ անձնային որակների գնահատմանը, ինչպիսիք են դատավորի խառնվածքը, ազնվությունը, ինքնատիրապետումը, ճնշումների հանդեպ դիմացկունությունը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) իր 2025 թվականի մոնիթորինգի արդյունքում մտահոգություններ է հայտնել նշանակումների պատշաճ հիմնավորումների բացակայության վերաբերյալ, ինչը կազմակերպության դիտարկումներով կասկածի տակ է դնում թեկնածուի որակավորումների և արժանիքների հիման վրա ընտրության ու նշանակումների գործընթացները:

ICLaw-ի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև դատավորների նշանակման գործընթացներում հանրության սահմանափակ մասնակցությանը:

Հատուկ զեկուցող Մարգարետ Սաթերթուեյթը իր ամփոփ զեկույցը ներկայացնելու է Մարդու իրավունքների խորհրդի 62-րդ նստաշրջանին՝ 2026 թվականի հունիսին:

Կազմակերպության մասին 

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը Հայաստանում հիմնադրված իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում է նաև միջազգային մակարդակում։
Կենտրոնը  ապաքաղաքական է, գործում է անկախության, արդարացիության և թափանցիկության սկզբունքով: Կազմակերպությունն իրականացնում է իրավական խորհրդատվություն, գործերի ռազմավարության մշակում, գիտական հետազոտությունների և վերլուծությունների, պարբերական և հատուկ զեկույցների պատրաստում, ակադեմիական և կրթական միջոցառումների կազմակերպում և այլն:

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը ակտիվ գործունեություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների մեղմացման ուղղությամբ։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights) հետ համագործակցությամբ:

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031