Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաման ենք կատարում». մի՞շտ է ընդունելի այս պատճառաբանությունը

Հունվար 23,2026 14:00

Խնդրահարույց իրավիճակներում, վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական շարժման շրջանակներում նույնպես, հաճախ լսում ենք իրավապահների ստանդարտ դարձած հետեւյալ պատճառաբանություն-արդարացումը. «Հրաման ենք կատարում»։

Վերադասի հրամանը կամ կարգադրությունը կատարելը միանշանակ բնական կարող է թվալ, բայց օրենքի դիտանկյունից՝ ընդունելի՞ է ցանկացած հրամանի կամ կարգադրության կատարումը։

Ըստ Քրեական օրենսգրքի 40-րդ հոդվածի երկրորդ կետի՝ «Եթե անձը գիտակցել է հրամանի կամ կարգադրության հանցավոր բնույթը կամ չի գիտակցել, սակայն կարող էր գիտակցել եւ կատարել է դա, ապա ենթակա է քրեական պատասխանատվության»:

Ստացվում է, որ ցանկացած ենթակա որոշակի պատասխանատվություն է կրում՝ օրինական հրամանը կամ կարգադրությունը զանազանել անօրինականից։ Առկա է բավականին խրթին իրավիճակ, քանի որ մի կողմից անձը ենթակա է պատասխանատվության՝ հանցավոր հրաման կամ կարգադրություն կատարելու համար, բայց մյուս կողմից էլ՝ հրաման չկատարելը կարող է անհետեւանք չմնալ։

Համատեքստ

Վարչապետ Փաշինյանի՝ «Եկեղեցու բարենորոգմանն ուղղված» գործողությունների մեկնարկից հետո ականատես ենք եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ծառայության նշանակված հոգեւորականների մուտքի եւ կրոնական ծեսերի իրականացման արգելափակմանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ արված նախկին հոգեւորականների կողմից Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը խոչընդոտող գործողությունների պետական հովանավորությանը, ԱԱԾ աշխատակիցների կողմից Հայ առաքելական եկեղեցու կրոնական ծեսերի ժամանակ Կաթողիկոսի անունը զեղչելու «խնդրանքներին», Գյումրու Յոթ Վերք եկեղեցում «արտագնա պատարագի» մատուցմանը։

Այդ ամենն իշխանություններն ապահովել են իրավապահ մարմինների ներգրավվմամբ։

Մի շարք փաստաբանների համոզմամբ՝ վերը թվարկված գործողություններն ապօրինի են։

«Ներգրավված են ԱԱԾ, ոստիկանության, քննչական, դատախազական եւ դատական մարմինների պաշտոնատար անձինք». Զոհրաբյան

«Առավոտի» հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց.

– Նման գործողությունները հանցագործություն են համարվում, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով արգելված է պետական մարմինների միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին եւ գործունեությանը: Քրեական օրենսգիրքը հանցագործություն է համարում Եկեղեցու գործունեությունը, ինչպես նաեւ ծեսերի կատարումը խոչընդոտելը: Այդպիսի դրսեւորումները բազմաթիվ են: Նիկոլ Փաշինյանի կողմից են ուղղորդվում հակաեկեղեցական գործողությունները, որոնց ներգրավված են ԱԱԾ, ոստիկանության, քննչական, դատախազական եւ դատական մարմինների պաշտոնատար անձինք։

– Այսինքն՝ պաշտոնապես իշխանության ենթակայությամբ գործող ծառայողները ապօրինի հրամաններ կամ կարգադրություննե՞ր են կատարում, հետաքրքրվեց «Առավոտի» թղթակիցը։

– Թվարկածս մարմինների պաշտոնատար անձինք ոչ միայն հրաման կատարելու միջոցով են քրեական պատասխանատվության ռիսկի տակ, այլ նաեւ հանցակցության մյուս ձեւերի՝ օժանդակողի, կատարողի, դրդիչի: Պարզ է, որ իրավական առումով վարչապետը չի կարող հրաման տալ դատավորին, բայց ընդհանուր քաղաքականությունը, որտեղ տեսնում ենք հալածված դատավորներ, դատական գործերի մակագրության խիստ կասկածելի պրակտիկա, իշխանահաճո դատավորների մշտապես գործող խումբ, ակնհայտ է դարձնում նրանց հանցակցությունը:

Հետաքրքրական է նաեւ Օրենսգրքի նույն հոդվածի առաջին կետը, որը նշում է. «Քրեական պատասխանատվության ենթակա չէ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած այն անձը, որը գործել է ի կատարումն իր համար պարտադիր՝ սահմանված կարգով արձակված հրամանի կամ կարգադրության: Այդպիսի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվության է ենթակա հանցավոր հրաման կամ կարգադրություն արձակած անձը»:

Առավել նշանակալի է երրորդ կետը, որը հակիրճ կերպով նշում է. «Ակնհայտ հանցավոր հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»:

Ի դեպ, վերադասի՝ հանցավոր բնույթի հրամանը գիտակցաբար կատարելն անձին չի ազատում քրեական պատասխանատվությունից, մի քանի բացառությունները չհաշված, նաեւ միջազգային հանցագործությունների, օրինակ՝ ցեղասպանության կամ պատերազմական հանցագործությունների, համար։ Հռոմի կանոնադրության 33-րդ հոդվածը հենց դրա մասին է։ Այսպես բացառվում է կույր հնազանդությունը։

Թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավունքում անձինք կարող են իրական երկընտրանքի առաջ կանգնել՝ կատարե՞լ հանցավոր բնույթի կամ գուցեեւ բարոյական արժեքներին դեմ հրամանները, թե՞ չկատարել դրանք, ինչը նույնպես կարող է ոչ դուրեկան հետեւանքներ առաջացնել։

Միանշանակ չէ նաեւ՝ արդյոք հանցավոր հրամանը կամ կարգադրությունը չկատարելու համար քրեական պատասխանատվությունը բացառող 40.3-րդ հոդվածը կարո՞ղ է պաշտպանել անձին, որը չի կատարել ակնհայտ հանցավոր հրամանը կամ կարգադրությունը։

Այնուհանդերձ, կարեւոր է, որ Օրենսգիրքը, 40.2-րդ հոդվածի տեսքով, ընդգծում է մարդու անձնական դատողության կարողության կարեւորությունը՝ նման դժվարին իրավիճակներում կողմնորոշվելու համար։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031