Ըստ ՍԴ դիմողի՝ վթարի պատճառների պարզումը պահանջել է մասնագիտական եւ տեխնիկական համալիր գնահատում, ինչը փորձաքննությամբ չի ապահովվել
Սահմանադրական դատարան անհատական դիմումով դիմած Հայկ Թովմասյանը հայտնել էր, որ իր նկատմամբ մեղադրանքը հիմնվել է փորձագիտական եզրակացության վրա, որի դեպքում իր գործով իրականացված փորձաքննությունը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական իրավունքին, մասնավորապես՝ փորձագետը չի եղել դեպքի վայրում, վթարված ավտոմեքենաները չեն զննվել փորձագետի կողմից, փորձաքննության ժամանակ փորձագետը չի ունեցել քրեական գործի նյութերը, փորձաքննությունն իրականացվել է բացառապես քննիչի որոշման հիման վրա, ՀՀ դատարանները տվյալ փորձագիտական եզրակացությունը չեն գնահատել քննադատորեն՝ այն ընդունելով որպես բավարար եւ որոշիչ ապացույց, բացի դրանից՝ փորձագետը չի ունեցել դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դեպքի վայրի լուսանկարները եւ համապատասխան ցուցմունքները։ Նա ներկայացրել էր թիվ ԳԴ4/0013/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը:
Դիմողը խնդրել էր. «Ճանաչել, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի այն մեկնաբանությունը եւ կիրառումը, որով դատարանները, այդ թվում Վճռաբեկ դատարանը, թույլատրել են մեղադրական դատական ակտի հիմնավորումը 2 փորձագիտական եզրակացության վրա՝ կազմված առանց դեպքի վայրի զննության եւ գործի նյութերի լիարժեք ուսումնասիրության, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների զննման, հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին»:
Դիմողը նշել էր. «Քննիչի կողմից կայացվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որոշման մեջ քննիչ Ավետիսյանը բառացի գրել է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ես հաշվի չեմ առել ճանապարհի սառցակալած լինելու հանգամանքը։ Այսինքն, քննիչ Ավետիսյանը արդեն իսկ խախտել է արդարացի նախաքննության իմ իրավունքը, իսկ փորձագետը եզրակացությունը տվել է բացառապես քննիչի որոշման հիման վրա, բացի այդ, փորձաքննության քննիչը մասնակից է դարձրել վերջիններիս պաշտպանին, իսկ ինձ նշվածի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հայտնել, եւ չի տեղեկացրել, ինչով եւս խախտվել է իմ սահմանադրական իրավունքները, նախաքննության ընթացքում ճանապարհի սառցապատ լինելու վերաբերյալ որեւէ իրավական փաստ կամ ապացույց չկա, որ ես այն նկատել եմ եւ չէր կարող լինել, քանի որ նշված հատվածը հնարավոր չի նկատել»:
Կարդացեք նաև
Հունվարի 20-ին որոշում է կայացրել մերժել գործի քննությունը, բայցեւ ՍԴ դատական կազմի որոշման նախաբանում գրված է. «Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2026 թվականի հունվարի 23-ը ներառյալ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.01.2026


















































