Լրահոս
Օրվա լրահոսը

«էս պահին չունենք ձեր թարգմանիչը, ես լավ թարգմանում եմ ռուսերենից հայերեն եւ աբրատնո». դատավոր

Հունվար 23,2026 13:00

Հունվարի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքում հրապարակվեց անցած տարվա դեկտեմբերի 23-ի որոշումը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ամբողջական որոշումը: Մինչ այդ ներկայացվել էր եզրափակիչ մասը, սակայն պարզ չէր, թե ի վերջո, ինչի համար էր դատավորը կարգապահական պատասխանատվության ենթարկվել:

Պարզվեց, որ որոշման վերաբերյալ Հատուկ կարծիքներ էին հայտնել ԲԴԽ անդամներ Կ. Թումանյանը, Ե. Թումանյանցը, Էդ.Հովհաննիսյանը, Ա. Աբրահամյանը:

Արդարադատության նախարարի ներկայացուցիչն է եղել Ն. Զեյնալյանը:

Կարգապահական վարույթ հարուցելու հիմք էր հանդիսացել արդարադատության նախարարությունում ստացված փաստաբանի կամ հաղորդում ներկայացրած անձի դիմումը: Հիշեցնեմ, որ Լիազոր մարմնի անցած տարվա սեպտեմբերի 11-ի 74-Ա որոշմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ :Միջնորդությունը ներկայացվել էր ԲԴԽ, իսկ դատական նիստը նշանակվել էր նոյեմբերի 25-ին: Դեկտեմբերի 11-ին թե դատավորը, թե նրա ներկայացուցիչը միջնորդել էին, որպեսզի դատական նիստն անցնի դռնփակ, սակայն ԲԴԽ-ն մերժել էր անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դատական նիստի ժամանակ դատավորը ռուսերեն էր դիմել հայցվոր Ա. Բուզովային, հարցրել նրա հեռախոսի համարը, ապա ասել, «էս պահին չունենք ձեր թարգմանիչը, երբ ես տեսնեմ սխալ ա թարգմանում, ես կուղղեմ, ես լավ թարգմանում եմ ռուսերենից հայերեն եւ աբրատնո», որից հետո սկսել է թարգմանչի թարգմանությանը զուգահեռ ռուսերեն հաղորդկացվել հայցվորի հետ: Երբ պատասխանողը ռուսերեն է հարցրել հայցվորին, դատավորը հորդորել է. «իսկականից հայերեն խոսացեք, էլի, հա, ռուսերեն պետք չի խոսալ…»: Կարգապահական վարույթի ընթացքում նշվեց, որ պատասխանողը թարգմանիչ էր հրավիրել, սակայն դատավորը նիստը վարել է ռուսերեն, ինչին հաղորդում ներկայացրած անձն առարկել է:

Լիազոր մարմինն արձանագրել է, որ դատավարության լեզուն հայերենը սահմանելով, օրենսդիրը նպատակ է հետապնդել երաշխավորելու Սահմանադրությամբ եւ Լեզվի մասին օրենքով ամրագրված պետական լեզվի` հայերենի պարտադիր կիրառությունը հանրապետության հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Հիշյալ պահանջի պահպանման առաջնային պարտավորությունը վերապահված է դատարանին, մասնավորապես, գործը քննող դատավորին, որը պարտավոր է ոչ միայն ապահովել դատավարության մասնակիցների կողմից նշված պահանջի պահպանումը, այլ սեփական վարքագծով հանդես գալ պետական լեզվի գործածության տեսանկյունից իրավական կարգապահություն դրսեւորող սուբյեկտի օրինակ: Ըստ լիազոր մարմնի, դատավորի կողմից այդ պահվածքը պարունակել է ռիսկեր, որոնք էականորեն բացասաբար կարող են անդրադառնալ ՀՀ-ի նկատմամբ օտարերկրացիների ընկալումների վրա:

Դատավորի կողմից տրված բացատրության համաձայն՝ ձայնագրության ժամը եւ ներկայացված- վկայակոչված թվագրության տվյալը չեն համապատասխանում իրար: Դատավորի թարգմանությունը չի վերաբերել դատական գործընթացներին, գործի էությանը, հետեւաբար, չեն կարող ընկալվել որպես դատական նիստը մասամբ ռուսերեն լեզվով վարելու հանգամանք:

Դատավորը հայտնել էր, որ ռուսերեն նա բացատրել է հայցվորի կողմից պետտուրքի վճարման պարտականության մասին, եւ` դատական նիստի արձանագրման կրիչի օրինակը պահանջելու իրավունքի, տրամադրման մասին: Այսինքն, դա այն հանցանքը չէ, որ կասկածի տակ կդնի նրա` դատավորի կարգավիճակում համապատասխան լինելու հարցը, կամ թե` կհեղինակզրկեր դատական իշխանությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Ա.Պետրոսյանին տվել էր նախազգուշացում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031