1950 թվականին Ստալինի նախաձեռնությամբ ստեղծվել էր Խաղաղության համաշխարհային խորհուրդը: Այդ կազմակերպության հռչակած պաշտոնական նպատակն էր՝ պայքարը նոր համաշխարհային պատերազմի եւ իմպերիալիստական ագրեսիաների դեմ, հանուն համընդհանուր զինաթափման եւ ազգային անկախության: Կազմակերպությունը 90 տոկոսով ֆինանսավորվում էր Խորհրդային Միության կողմից, իսկ դրա երկարամյա (1966-1990 թթ.) ղեկավար Ռոմեշ Չանդրան արժանացել էր ԽՍՀՄ բարձրագույն պարգեւի՝ Լենինի շքանշանի:
Դժվար թե այդ խամաճիկային խորհուրդը որեւէ նպաստ էր բերել խաղաղությանը. լոկալ արյունալի պատերազմները, ինչպես նաեւ սպառազինությունների խելահեղ մրցավազքը շարունակվում էին: Այլ հարց է, որ այն ժամանակ գոյություն ունեցող աշխարհակարգը քիչ թե շատ կանխատեսելի էր դարձնում միջազգային կյանքը: Իսկ խորհուրդը Սովետի PR-ն էր՝ իբր՝ տեսեք, ինչ խաղաղասերն ենք:
Հիմա որեւէ աշխարհակարգ չկա, ոչ ոք ոչ մի բան չի կարող երաշխավորել, բայց Թրամփը, որը սպառնում է հարձակվել Գրենլանդիայի (Դանիայի) եւ Իրանի վրա, հանուն իր PR-ի իր Խաղաղության խորհուրդն է ստեղծում: Բացի զուտ խորհրդանշական, «բարոյական» բավարարվածությունից՝ Թրամփի կողքը հայտնվելու կապակցությամբ, այդ խորհրդում ընդգրկված պետությունների ղեկավարները, այդ թվում՝ Փաշինյանը, որեւէ այլ օգուտ չունեն: Բնականաբար, որեւէ գործառույթ էլ չունեն. դժվար է ակնկալել, որ Ղազախստանը, Կոսովոն կամ Ինդոնեզիան զբաղվելու են, օրինակ, Գազայում խաղաղություն հաստատելու հարցերով:
Ավելին ասեմ՝ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին, խախտելով բոլոր միջազգային նորմերը, հարձակվել է Ուկրաինայի վրա՝ 4 տարի տեւող պատերազմը խլել է հարյուր հազարավոր մարդկանց կյանք: Արդյոք Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրած բոլոր (մոտավորապես 20) երկրների լիդերները պատրա՞ստ են նաեւ ստորագրել հայտարարություն, որում արձանագրվում է այդ փաստը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































