Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները

Հունվար 23,2026 11:43

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի (այսուհետ՝ «Հայցվորներ») կողմից ներկայացված միջնորդությունը։

Միջնորդությամբ, ի թիվս այլնի, Արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի (Emergency Arbitrator) կողմից 22.07.2025 թվականի թիվ EA 2025/121 վճռի՝ ՀՀ կողմից չկատարման փաստի հաստատումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը։ Բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։

Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։

Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է Հայցվոր կողմը։

Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։

Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ արբիտրաժային վարույթին մասնակցել բարձր պրոֆեսիոնալիզմով և գործընթացի նկատմամբ լիակատար հարգանքով՝ միաժամանակ հետևողականորեն պաշտպանելով իր դիրքորոշումները և շահերը, ինչպես նաև շարունակելով կառուցողական համագործակցությունը Հայցվոր կողմի և Արբիտրաժային տրիբունալի հետ։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031