ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Գրենլանդիա կղզու յուրաքանչյուր բնակչին 1 միլիոն դոլար առաջարկելու հարցը, պայմանով, որ բնակչությունը քվեարկի Միացյալ Նահանգներին միանալու օգտին, հայտնում է Region Monitor-ը։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ չի նախատեսում ուժ կիրառել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, և որ Գրենլանդիային աջակցող եվրոպական երկրների դեմ նախապես հայտարարված մաքսատուրքերը փետրվարի 1-ին չեն մտցվի։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, թե Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։
«Դանիան նախ կկրակի, հետո հարցեր կտա՝ Գրենլանդիային սպառնացող վտանգի դեպքում», – ի պատասխան հնչել էր Դանիայից:
Կարդացեք նաև
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հիշեցրել էր. կղզին վաճառքի ենթակա չէ։
Գրենլանդիան Դանիական թագավորության կազմի մեջ մտնող ինքնավար տարածք է, Թագավորության 3 բաղկացուցիչ տարածքներից ամենամեծը, մյուս երկուսը Դանիան և Ֆարերյան կղզիներն են։
Կանադայի վերաբերյալ էլ դեռևս 2024թ.-ին Truth Social-ում Սուրբ Ծննդյան շնորհավորական ուղերձում Թրամփը գրել էր. «Կանադայում հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա մեր 51-րդ նահանգը, ապա նրանց հարկերը կկրճատվեն ավելի քան 60%-ով, նրանց բիզնեսի ծավալն անմիջապես կկրկնապատկվի, և նրանք ռազմական առումով պաշտպանված կլինեն այնպես, ինչպես ոչ մի այլ երկիր աշխարհում»:
Իսկ վերջերս՝ 2026 թվականի սկզբին, ԱՄՆ-ն ռազմական գործողություն սկսեց Վենեսուելայում՝ գերեվարելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որում Կանադան, Գրենլանդիան և Վենեսուելան պատկերված են ամերիկյան դրոշի գույներով։
Հրապարակված մեկ այլ նկարում էլ Թրամփը դրոշ է տնկում Գրենլանդիայի հողում:
Լուսանկարը՝ ԱՄՆ նախագահի սոցիալական էջից:


















































