Լրահոս
Օրվա լրահոսը

Դավոսում Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել գործընկերների հետ. անդրադարձել են առկա մարտահրավերներին դիմակայության նպատակով անհրաժեշտ քայլերի նախաձեռնություններին

Հունվար 23,2026 13:44

Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, Քուվեյթի էներգետիկայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարար Սոբեհ Ալմուխազիմի, Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Չարլզ Հաջի, բելառուս քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր զարգացումներին, խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ կատարվող քայլերին ու առկա մարտահրավերներին դիմակայության նպատակով անհրաժեշտ քայլերի նախաձեռնություններին։

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի, Էփըլ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի, «NVIDIA» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորությունների և փոխգործակցության ակտիվացման շուրջ։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև «America House»։

«America House»-ն ԱՄՆ-ի պաշտոնական հարթակն է, որը ֆորումի օրերին ծառայում է որպես հանդիպումների և միջոցառումների կենտրոն՝ միավորելով պետական կառույցների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին։

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Թարման Շանմուգարատնամի հետ։

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային և քաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքին և դրա շուրջ Հայաստանի մոտեցումներին։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում շեշտվել է երկկողմ գործակցության ընդլայնման ներուժը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ հաշվի առնելով Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական համակարգը և այդ ոլորտում առկա միջազգային գործընկերությունները, այդ թվում՝ «NVIDIA» ընկերության հետ արդյունավետ համագործակցությունը։

Կողմերը կարևորել են տնտեսական, ներդրումային և նորարարական նախաձեռնությունների խթանումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ համատեղ ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը բազմակողմ հարթակներում և միջազգային կառույցների շրջանակներում ընդհանուր գործակցության ուղիների որոնմանն ու խորացմանը։

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նաև «Կոկա-Կոլա» ընկերության գործադիր տնօրեն Գորան Բոգդանովիչի հետ։

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել «Կոկա-Կոլա» ընկերության և Հայաստանի միջև շուրջ երեք տասնամյակ ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցությունը՝ ընդգծելով դրա նշանակալի ներդրումը երկրի տնտեսության, աշխատատեղերի ստեղծման և սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունների իրականացման գործում։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես արտադրության զարգացման, նոր ներդրումային ծրագրերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության պահպանության COP-17 համաժողովին, դրա միջազգային կարևորությանը և Հայաստանի դերին գլոբալ բնապահպանական օրակարգում։ Կողմերը կարևորել են մասնավոր հատվածի ներգրավվածությունը նման հարթակներում և բնապահպանական պատասխանատու գործելակերպի խթանումը։

Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է առկա պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու Հայաստանի և «Կոկա-Կոլա» ընկերության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները։

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ, որը համաժողովին մասնակցել է առանձին համերգային ծրագրով։

Անվանի երաժիշտն իր բարձր գնահատանքն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչին ի պատասխան նախագահը նրան հրավիրել է այցելել Հայաստան։ Յո Յո Ման շնորհակալություն է հայտնել հրավերի համար և պատրաստակամություն հայտնել հարմար առիթի դեպքում հանդես գալ Հայաստանում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031